Հայկ Գևորգյանի կալանավորումն ապօրինություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը` անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի կալանավորման դեպքին:
Իրավապաշտպանը միջադեպին ծանոթ է մամուլի հրապարակումներից, որոնցից ենթադրում է, որ լրագրողի նկատմամբ հետապնդում է իրականացվում: «Ավտոպատահարն այն դեպքը չէ, որի համար կալանավորումը ընտրվեր խափանման միջոց կամ հետախուզում հայտարարվեր: Նա աշխատանքի է գնացել ազատ, և ինչպես են հետախուզում հայտարարել: Դա հիմք չէ, որ խափանման միջոց կալանավորումն ընտրվի: Ես դա ապօրինություն եմ համարում: Սա լրագրողի նկատմամբ հետապնդում է: Նա «Հայկական ժամանակ»-ի ներկայացուցիչն է, պարբերաբար նրա ընտանիքի նկատմամբ էլ շարունակվում են այդ հետապնդումները»,- նշեց Ա. Սաքունցը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան տանից դուրս գալիս կալանավորվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը: