ԱՄՆ-ում գտնվող Թոմաս Էդիսոնի թանգարանային համալիրի աշխատակիցները հաստատության կայքում տեղադրել են Գերմանիայի «երկաթե կանցլեր» Օտտո ֆոն Բիսմարկի՝ 120 տարի առաջ արված ձայնագրությունը:
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, ձայնագրությունն արվել է 1889 թ. հոկտեմբերի 7-ին Գերմանիայում՝ Էդիսոնի օգնականներից մեկի կողմից: Բիսմարկի խոսքերը դժվար է հասկանալ: Այնուամենայնիվ լսվում է, որ նա երգում է գերմանական երգեր, ինչպես նաև հեղափոխական Ֆրանսիայի հիմնը՝ «Մարսելիեզը» և «Գաուդաեմուս» ուսանողական հիմնը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ձայնագրությունը հայտնաբերվել է 1957 թ. Նյու Ջերսիում՝ Էդիսոնի լաբորատորիայի արխիվում:
Բեռլինի կիրառական գիտությունների համալսարանի աշխատակից Շտեֆան Պյուլլեի խոսքերով՝ ձայնագրության վերջում Բիսմարկը դիմում է որդուն: Սակայն այժմ այդ հատվածը դժվար է վերարտադրել, քանի որ ձայնագրությունը վնասված է: