Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի ոչ միայն տրամադրություն էր այսօր տարօրինակ վայրիվերումներ ապրում, այլև դահլիճում տիրող մթնոլորտն էր նա կարողանում անընդհատ լարվածության մեջ պահել:
Այն պահին, երբ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը փորձում էր «տուժող» ոստիկան Շահեն Հարությունյանից ճշտել՝ եթե իրականում դեպքի վայրում թեժ իրավիճակ էր, ու տեղում եղած ոստիկանները պաշտպանվելու համար նոր ուժեր էին կանչում, ինչո՞ւ էր տուժողը կանգնած՝ սիրողական մակարդակի նկարահանումներ անում, դատավորը քիչ-քիչ սկսեց զայրանալ և թե՛ Տիգրան Առաքելյանին, թե՛ պաշտպան Վահե Գրիգորյանին արգելեց նման բովանդակության հարցեր ուղղել տուժողին:
Դրանից հետո Տիգրան Առաքելյանը և պաշտպանը փորձեցին դատավորից հարցնել և հասկանալ, թե ինչում է խնդիրը, և եթե իսկապես տուժողը կորցրել է հեռախոսը, որում ծեծկռտուքը հաստատող կադրեր կան, ինչո՞ւ չի փորձել զբաղվել որոնողական աշխատանքներով: Դատավորը սա ընկալեց որպես վեճ դատարանի հետ և պատշաճ հիմնավորում չտվեց նման բովանդակության հարցեր տալու արգելքի վերաբերյալ: Դրանից հետո Տիգրան Առաքելյանի ասած յուրաքանչյուր բառ դատավորը սկսեց ընկալել որպես խոչընդոտ դատավարության բնականոն ընթացքին և, ի վերջո, 20 րոպե ընդմիջում հայտարարելուց հետո որոշեց Տիգրան Առաքելյանին հեռացնել դատականի նիստի դահլիճից մինչև հաջորդ դատական նիստը:
Այնուհետև սկսեց ցուցմունք տալ մյուս «տուժող» ոստիկան Հայկ Նաջարյանը, որի ցուցմունքներից հետո արդեն դահլիճում ներկաների աչքին ոստիկանները սրբերի կերպարներով էին հայտնվում: Պարզվում է՝ երբ Հայկ Նաջարյանը կանչ է ստացել, մոտեցել է դեպքի վայր ու տեսել այնտեղ ՀԱԿ ակտիվիստներին, միանգամից հասկացել է, թե ինչ կատարվում:
Իհարկե, իր խոսքերի այս հատվածը տուժողն այդպես էլ չկարողացավ ոչ մի կերպ պարզաբանել, սակայն հայտնեց, որ Դավիթին նույնիսկ ընկերաբար է հարցրել՝ «Ի՞նչ ես անում, Դավիթ ջան, առջևումդ ոստիկան է» ու նույնիսկ այն բանից հետո, երբ իբր թե Դավիթ Քիրամիջյանը հանկարծ թեքվել ու հարվածել է իրեն, տուժողը կրկին կանգնել ու հարցրել է, թե «Ինձ ինչու ես հարվածում, Դավիթ ջան»: Այնպես որ, մնում է մտածել, որ մեր չափազանց բարի և հանդուրժող ոստիկաններին անվերջ հարվածում ու հարվածում էին, իսկ իրենք կանգնել ու հարցնում էին, թե այդ որ մեղքի համար…
Ինչևէ, մեղադրողի կողմից տուժողին ուղղված հարցերից հետո պաշտպան Վահե Գրիգորյանը միջնորդություն արեց դատարանին հետաձգել դատական նիստը, քանի որ ինքը, ինչպես և տեսել էր դատավորը, չէր հասցրել խորհրդակցել իր պաշտպանյալի հետ, որն այդ պահին հեռացված էր նիստերի դահլիճից: Սակայն պաշտպանի միջնորդությունը` հետաձգել դատը մինչև հաջորդ դատական նիստը, երբ Տիգրան Առաքելյանն անձամբ կկարողանա լսել տուժողի ցուցմունքները և նրան հարցեր ուղղել, դատավորը մերժեց:
Այնուհետ պաշտպան Գրիգորյանը, ինչպես նախապես հայտարարել էր, ասաց, որ առանց իր պաշտպանյալի չի ցանկանում շարունակել ներկա գտնվել նմանատիպ լարվածության մթնոլորտում ընթացող դատավարությանը և դուրս է գալիս նիստերի դահլիճից:
Պաշտպան Վահե Գրիգորյանի այս հայտարարությունից հետո դատավոր Գագիկ Պողոսյանի զայրույթի նոպաները սկսեցին սաստկանալ: Հայտարարեց, որ ինքը թույլ չի տալիս պաշտպանին դուրս գալ նիստերի դահլիճից, սակայն տեսնելով, որ, չնայած իր նախազգուշացումներին, պատպանը հավաքում է իր փաստաթղթերը, նախագահող դատավորն ասաց, որ պաշտպանի նկատմամբ սանկցիա կկիրառի, բացի դրանից` այն մնացյալ ժամանակահատվածը, որի ընթացքում Տիգրան Առաքելյանն այսօր պետք է բացակայեր նիստից, նիստի հետաձգվելու պատճառով Տիգրան Առաքելյանի դեմ կօգտագործվի նաև մյուս դատական նիստի ժամանակ:
Փաստաբանի դուրս գալուց հետո դատավորը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է, և հաջորդ դատական նիստը նշանակեց փետրվարի 2-ին՝ ժամը 15:00-ին:







































