Եթե ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տարաձայնությունները խորանան, ուզենք թե ոչ, նախադեպ է ստեղծվելու, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ ու արդար: Այսօր կայացած մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Եթե կոալիցիայի ներսում ստեղծվել է մի վիճակ, երբ կոալիցիոն անդամներից մեկը չի ցանկանում ենթարկվել իրեն պարտադրվող պայմաններին, դա արդեն նախադրյալներ է ստեղծում, որ ՀՀԿ-ի կողմից կեղծիքները հնարավորինս քիչ կլինեն:
Ընտրակեղծիքների դեմ պայքարի համար, այո, մենք պատրաստ ենք համագործակցել քաղաքական տարբեր ուժերի հետ: Համախմբված ճակատով պետք է բռնենք ընտրակեղծարարների և ընտրագողերի ձեռքը: Այսօր աննախադեպ համախմբում է տեղի ունենում, ավելի լավ ընթացք ուղղակի դժվար է պատկերացնել: Նույնիսկ այն ուժերը, որոնց դեմ պայքարում էր ՀԱԿ-ը, սկսել են գիտակցել արդար ընտրությունների կարևորության հարցը»,- նկատեց Զուրաբյանը:
Անդրադառնալով ՀԱԿ-ի համամասնական ցուցակի հարցին` նա տեղեկացրեց, որ ասուլիսից հետո տեղի է ունենալու քաղխորհրդի նիստ, որի ընթացքում էլ այդ թեմայով քննարկումներ կլինեն:
«Մինչ այժմ նման քննարկում ՀԱԿ-ում չի եղել: Չեմ կարծում, որ այսօր ցուցակի շուրջ որոշում լինի, քննարկումները շարունակվում են: 18 կուսակցությունների դաշինքն աննախադեպ է, համամասնական ցուցակի ճշգրտումը բարդ քայլ է լինելու:
Այսօր իշխանությունը լուրջ ակնկալիքներ ունի, որ այս հարցում ՀԱԿ-ը համաձայնության չի գա, բայց մենք իրենց կհիասթափեցնենք: Հնարավոր է ` լինեն կրքեր, բայց դրանք հաղթահարելի են: Միաժամանակ, տրամաբանական է, որ ցուցակը գլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն այս առումով ևս քննարկումներ չեն եղել»,- ամփոփեց ՀԱԿ համակարգողը:









































