ԱՊՊԱ պայմանագրերի սակագները շահարկումների տեղիք են տալիս: Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի կայքում զետեղված տվյալներով, որոնք, ի դեպ, հաճախակի փոփոխվում են, 2011 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագրերով հաշվեգրվել է 14 միլիարդ 199 մլն դրամ (թեև նոյեմբերին ավելի շատ էր հաշվեգրվել՝ 14 մլրդ 229 մլն դրամ): Եթե այդ գումարից հանում ենք բավարարված և վճարված կամ դեռևս չվճարված, ետ վերադարձված գումարները, եկամուտը ստացվում է մոտ 8 միլիարդ դրամ:
Ավտոապահովագրողների բյուրոյի անդամ, ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ին ասաց, որ ոլորտի շահույթը մոտ 4 մլրդ դրամի կարգի պետք է լինի: «Մի քիչ շուտ է, սպասեք մինչև փետրվարին պաշտոնական հրապարակում անեն, տեսնենք՝ սա իրենց համար գերշահո՞ւյթ է, թե՞ չէ: 8 ամսվա իրենց աշխատանքով գումարները մեծ են եղել»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ նախատեսվել է, որ վնասաբերությունը (վճարումները) կլինի 70%, բայց նախնական կազմել է շուրջ 50%:
«Թե ամբողջ տարվա հատվածով վերջնական թիվը որքան է, չեմ կարող ասել, բայց վնասաբերությունը նախատեսում էին մոտ 60%-ի հասցնել: Առաջին տարին է, ծախսեր կան և այլն»,- նշեց Է. Հովհաննիսյանը:
ՀԿ նախագահի կարծիքով՝ ԱՊՊԱ սակագները վերանայել պետք չէ, պետք է հատուցումները մեծացնել: Ըստ նրա՝ այս տարվանից պետք է որ հատուցումներն ավելացնեն միջինը մոտ 15%-ով:









































