Բանակն այսօր հասարակության համար ամենացավագին կետն է, որտեղ արտահայտվում է ավազակապետության էությունն իր ամենաթանձր կերպարանքով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Արա Նեդոլյանը` խոսելով Հայոց բանակի մասին:
Նրա խոսքով` ՀՀ քաղաքացին բանակում զրկված է տարրական մարդկային իրավունքներից, դիտարկվում է ավազակապետության կողմից իբրև ստրուկ, ճորտ, որի կյանքը ոչ մի բան չարժի: Բանակի խնդիրը,- հենց բանակի և ոչ թե պատերազմի կամ Արցախի,- ծանրացել է այսօր ամեն մի քաղաքացու, ամեն հայաստանյան ընտանիքի առաջ: Այդ խնդրից հնարավոր չէ խուսափել:
«Դրա առկայությունը երկրից արտագաղթի հիմնական, առաջնային պատճառներից մեկն է: Ստրկատիրական բանակը միայն իր գոյության փաստով հանդիսանում է ազգային անվտանգության համար հիմնական մարտահրավեր: Այդպիսի բարքերով համակված բանակը չի կարող լինել նաև մարտունակ, վստահելի, իրենից ներկայացնելով ավազակապետության հիմնական կերակրատաշտակներից մեկը»,- ասաց Ա. Նեդոլյանը:
Քաղաքացիական շարժումը ընդդեմ բանակում ապօրինությունների ինքնին, ըստ նրա, շատ կարևոր է: Սակայն ժամանակն է, որ այդ շարժումը առանձին փաստերին արձագանքելուց անցնի համակարգային պահանջներին, որը, ըստ էության, մեկը պետք է լինի՝ ստրկատիրական բանակի արմատական վերացում, պայմանագրային, պրոֆեսիոնալ բանակի ստեղծում:
«Սակայն միամիտ է կարծել, որ ավազակապետությունը կանի դա՝ չէ՞ որ, կերակրատաշտակ լինելուց բացի, նման բանակը ստրկամտության, հնազանդության հիանալի դպրոց է, մարդու և քաղաքացու արժանապատվությունը «կոտրելու» միջոց: Այնպես որ, բանակի համապետական աղետը հաղթահարելու պահանջը անխուսափելիորեն պետք է հանգի ավազակապետության կործանման, սահմանադրական կարգի վերականգնման քաղաքական պահանջի»,- ասաց հրապարակախոսը:








































