Ցավում եմ, որ վերջին շրջանում հասարակության ուշադրության կենտրոնում ավելի շատ բանակի մասին բացասական լուրերն են։ Բայց որ բանակը միշտ պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում, դրանում կասկած չկա։ Անգամ այժմյան ուշադրությունն է քիչ, պետք է ավելի ուշադիր լինել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը՝ անդրադառնալով բանակի նկատմամբ հասարակության ուշադրության մեծացմանը։
Նրա խոսքով՝ բոլորս մեր հերթին պետք է օգնենք ու նպաստենք բանակի կայացմանը, ինչով կարող ենք։ «Բանակը շատ կարևոր օղակ է, ինչու չէ՝ ամենակարևոր օղակը այսօրվա մեր պետական մեքենայի մեջ»,- նշեց Ժ. Դադասյանը: Ըստ նրա, ինքը համամիտ է, որ բանակում կան բացասական երևույթներ: Սակայն նա համամիտ չէ, որ «դրա տակ կատարվի բանակի հակաքարոզչություն, քանի որ, ցավոք, եզրակացություն անողն ավելի շատ բացասական եզրահանգման է գալիս»։
Մեզ հետ զրույցում նա նկատեց, որ հաճախ մեկնաբանություններն արվում են ոչ թե սրտացավությամբ, այլ չարությամբ: Դադասյանի խոսքերով այնպես է արվում, որ սովորական քաղաքացին, կարդալով հայկական բանակում հերթական անգամ կատարված ցավալի իրողության մասին լուրը, մտածի, թե ճիշտ է արել, որ իր երեխային բանակ չի ուղարկել, ինչը շատ վատ է։
Ըստ նրա՝ այստեղ լուրջ անելիք ունեն լրատվամիջոցները բանակի մասին լուրերը մեկնաբանելիս՝ սկսած վերնագրից։ «Հակաբանակային լրատվությունները նպաստում են դրան։ Ցավալի երևույթներ են, որոնց բարձրաձայնումը պետք է արվի շատ զգույշ, որ վնաս չհասցվի բանակին, թեև մեկ-մեկ հակառակ տպավորությունն եմ ստանում՝ որ հատուկ է արվում»,- ասաց Դադասյանը:









































