Ոսկյա պատրաստի արտադրանքի գինը կապ չունի ոսկու գնի հետ: Ու թեև շուկայում ոսկու գինն անկում է արձանագրում, սակայն զարդերը էժանանալու միտում դեռ չունեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ոսկու շուկայի աշխատակից Գագիկ Նիկողոսյանը:
«999 հարգի՝ «չեռվոնի», ոսկին ինչ արժեք ունենա՝ դա էլ որոշում է իրավիճակը: «Չեռվոնի» գինը 4 դոլար իջել է և այսօր վաճառքի գինը 53 դոլար է, համապատասխանաբար իջել է նաև 583 հարգի ոսկու վաճառքի գինը, բայց դա չի ազդում պատրաստի արտադրանքի գնի վրա, քանի որ արտադրողները ոսկու ձուլակտորները գնել են թանկ գնով, ինքնըստինքյան, արտադրանք էլ պետք է վաճառեն թանկ գնով, մինչև կկարգավորվի»,- ասաց Գ. Նիկողոսյանը՝ նշելով, որ այժմ ոսկյա զարդերը վաճառվում են գրամը 32-40 դոլար գնով:
Նա հայտնեց, որ այս շրջանում քաղաքացիները բավական պասիվ են, և նախկինի համեմատ 60-70%-ով վաճառքի ծավալներն ընկել են: Գ. Նիկողոսյանի խոսքով, այժմ ավելի շատ նվազ արժեք ունեցող ապրանք և արծաթեղեն են գնում:







































