Լատվիայի բանկը շրջանառության մեջ է դրել մետաղադրամներ, որոնք պատրաստված են գրանիտից:
Ինչպես հայտնում է DELFI-ը, նոր մետաղադրամն իրենից ներկայացնում է գրանիտե սկավառակ` արծաթե շրջանակով: Արծաթյա շրջանակի վրա պատկերված են արևի ճառագայթներ և փորագրված է LATVIJA բառը: Շրջանակի հակառակ կողմը զարդարված է ազգային նախշազարդերով:
Լատվիայի բանկի կայքի մեկնաբանությունում ընդգծվում է, որ քարը մեծ դերակատարում ունի լատվիական մշակույթում: Մասնավորապես նշվում է, որ մեծ քարերը կիրառվել են կրոնական ծիսակարգերի ժամանակ:
Մետաղադրամները թողարկվել են յոթ հազար օրինակով: Դրանք հանրապետության տարածքում համարվում են օրինական վճարման միջոց: Մեկ գրանիտե մետաղադրամի արժեքը կազմում է 33,2 լատ (մոտ 60 դոլար):
Ավելի վաղ, Լատվիայի բանկը թողարկել էր մեկ լատանոց մետաղադրամ` կենդանիների և տարբեր առարկաների պատկերներով: Թողարկվել են նաև գունավոր դրվագներով, սաթե, ինչպես նաև քառակուսի մետաղադրամներ:







































