«Առավոտ»-ը զրուցել է նախկին փաստահավաք խմբում ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի հետ:
– Կարծո՞ւմ եք արդյոք, թե նախաքննության մարմինն իրականացրեց այն պահանջը, որ 2011-ի ապրիլին ՀՀ նախագահի նստավայրում հրավիրված խորհրդակցության ժամանակ ուղղել էր Սերժ Սարգսյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի վերաբերյալ. «Կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տևական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»:
-Ըստ Սերժ Սարգսյանի կողմից տրված հանձնարարականի, որի ձևակերպումը չէր պարունակում այդ հանձնարարականի կատարման հստակ պարտադրանք, կարելի է ասել, որ նախաքննական մարմինը կատարեց այդ հանձնարարականը: Այսինքն` նա պարբերաբար, առաջին հերթին միջազգային կառույցներին, ինչպես նաև մեր հասարակությանը ցույց էր տալիս, որ իրենք «փնտրտուքի» մեջ են, «առավել մանրակրկիտ» նորից անդրադառնում են հին հանգամանքների նոր ուսումնասիրությանը,: Իրականում այդ «փնտրտուքի» և մանրակրկիտ ուսումնասիրության առարկա դարձան իրենց հին ուսումնասիրությունները: Այլ կերպ ասած, իրենք ուշադրությամբ վերընթերցեցին հենց իրենց կողմից նախկինում կազմած հազարավոր էջերից բաղկացած նյութը:
Միաժամանակ ուզում եմ նշել, որ հանձնարարականի մեջ նշված էր, թե նախաքննական մարմինը պետք է գտներ բացահայտման «նոր» ուղիներ: Իրականում նոր ուղիներ փնտրելու որևէ կարիք չկար և չկա, պարզապես պետք է ուսումնասիրվեին այն արդեն իսկ հայտնի հանգամանքները, որոնք միտումնավոր անտեսվել էին նախկինում:
Նախաքննական մարմինը հասկացավ Սերժ Սարգսյանի հանձնարարականի պահանջն այնպես, ինչպես վերջինս կուզենար, որ դա հասկացվեր և գործեց համապատասխանաբար` սպանության որևէ դեպք չբացահայտեց, որևէ պատասխանատու չպատժվեց, նախապատրաստվեց և հրապարակվեց զոհերին հանցագործ որակող անընդունելի զեկույց: Այն, որ այս գործելակերպը և դրա արդյունքում հրապարակված զեկույցը լիովին համապատասխանում էին Սերժ Սարգսյանի պահանջին՝ հաստատվում է Վահագն Հարությունյանի պաշտոնի բարձրացմամբ:
-Չե՞ք կարծում արդյոք, որ այս հանձնարարականից հետո, ինչպես նաև հետագա երկխոսության ընթացքում՝ կարծես երկրորդ պլան մղվեց զոհերի պատասխանատուների բացահայտման խնդիրը: Համենայնդեպս՝ ՀԱԿ գործիչները սկսել են հազվադեպ անդրադառնալ այդ հարցին, այս մասին առավել խոսում են զոհերի հարազատները:
– Ես չեմ կարծում, որ զոհերի պատասխանատուների բացահայտման խնդիրը մղվել է երկրորդ պլան, դա եղել և շարունակում է մնալ շարժման կարևորագույն պահանջներից մեկը: Բայց չեմ կարող նաև չհամաձայնվել այն մտքին, որ երկխոսությունը չնպաստեց այդ պահանջի կատարմանը:
Զոհերի հարազատները հիմնական պահանջատերերն են, բայց դա չի նշանակում, որ այդ բեռը պետք է մնա միայն իրենց ուսերին. մարտի 1-ի պահանջատերը պետք է լինենք մենք բոլորս, ամբողջ հասարակությունը: Ինչպես հոկտեմբերի 27-ի չբացահայտումը, այնպես և մարտի 1-ի չբացահայտումը, հնարավորություն չեն տալիս մեզ դուրս գալ այս թունավորված քաղաքական մթնոլորտից, իշխանությանը իրավունք չեն տալիս խոսել ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մասին, իսկ ընդիմությանը զրկում են այդպիսի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Ուստի մարտի 1-ի բացահայտումը պետք է տեղի ունենա մինչև ընտրությունները: Եթե իշխանություններն այդ չանեն, ապա դա կարվի ընդիմադիր ուժերի և հասարակական կառույցների համատեղ ջանքերով:
– Ինչպե՞ս եք մեկնաբանում զոհերի հարազատների դժգոհությունը: Մասնավորապես, երբ Հայաստանի կառավարությունը դեկտեմբերին մերժեց 2008-ի մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների ընտանիքներին հաջորդ տարվա պետբյուջեից գումար հատկացնելու առաջարկը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում զոհված Սամվել Հարությունյանի մայրը՝ Զարիկ Արթինյանը նշեց. «Ընդդիմությունն էլ բացարձակ ոչինչ չի անում»:
– Զոհերի հարազատների դժգոհությունը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի իրականացված լիարժեք բացահայտում և բոլոր պատասխանատուները՝ Ռոբերտ Քոչարյանից սկսած, չեն երթարկվել պատժի: Ես համոզված եմ, որ հարազատների համար առաջնային է մարդասպաններին և նրանց հրաման տվողներին արդարադատության առաջ կանգնեցնելը, այլ ոչ թե նյութական փոխհատուցում ստանալը: Եվ քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, ինձ համար շատ հասկանալի է նրանց դժգոհությունը նաև ընդիմությունից, որովհետև նրանք արդարության հասնելու ճանապարհ տեսնում են միայն իշխանափոխությունը, իսկ դրա միակ իրականացնող` համախմբված ընդդիմադիր հասարակությանը, որն իմ կարծիքով մեր երկրում կազմում է մեծամասնություն:
Հարազատների կողմից ընդիմության հասցեին արտահայտած դժգոհությունն ընդդիմության գործողությունների արդյունավետության չափորոշիչներից մեկն է: Այս իրողությունների հետ ՀԱԿ-ը, որպես ամենաառանցքային ընդդիմադիր ուժ, որի հիմնադիր պահանջներից մեկն է մարտի 1-ի բացահայտումը և պատասխանատուներին պատժի ենթարկելը, չի կարող հաշվի չնստել:
– Որպես նախկին փաստահավաք խմբի անդամ, որն ուսումնասիրել է այն ցուցակը, ըստ որի՝ մարտի 1-ին մի շարք պաշտոնյաների և օլիգարխների, այդ թվում նաև՝ Գագիկ Ծառուկյանի խմբերը հանդերձանք էին ստացել ՊՆ-ից և մասնակցել ապօրինի գործողությունների, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքագիտական վերլուծության մեջ չբացառեց ԲՀԿ-ի հետ համագործակցության հնարավորությունը:
– Ես բազմաթիվ անգամ արտահայտել եմ իմ կարծիքը մարտի 1-ի հանցագործության բոլոր պատասխանատուների վերաբերյալ: Կարող եմ կրկնել, որ ԲՀԿ-ն և Ռ.Քոչարյանը անբաժանելի գործընկերներ են, և այս պահին էլ ակնհայտ երևում է նրանց շարունակական համատեղ գործողությունների տրամաբանությունը: Եվ ինձ համար տեսանելի չէ ԲՀԿ-ի հետ համագործակցության որևէ եզր, քանի դեռ իրականացված չէ մարտի 1-ի ամբողջական և լիարժեք բացահայտում:
– Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ այս վերլուծությունից հետո ոգևորված քոչարյանամետ լրատվամիջոցները սկսեցին խոսել ՀԱԿ-ում ականների մասին՝ այս կապակցությամբ նշելով նաև Ձեր անունը:
– Լավ կլինի, որ Քոչարյանին սպասարկող լրատվամիջոցներն իրենց վերլուծական միտքը կառուցեն ոչ թե երազախաբություններից ելնելով, այլ ելնելով իրողություններից: Իսկ իրողությունն այն է, որ այո. ես և իմ ընկերները կարող ենք լինել ական, բայց ոչ ՀԱԿ-ի ներսում այլ Ռ. Քոչարյանի և նրա նմանների ճանապարհին, որպեսզի մեր երկրում չկրկնվեն հոկտեմբերի 27-ը և մարտի 1-ը:









































