Հայտնի է, որ 2008 թ. մարտի 1-ի զոհերի հարազատները Երեւանում կազմակերպված «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի օրերին որոշել էին ի նշան բողոքի հացադուլ եւ նստացույց հայտարարել, որպեսզի ցույց տան, թե ինչպես է հայաստանյան դատական համակարգը ոտնահարում իրենց իրավունքները: Մարտի 1-ի զոհերի հարազատներին ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, ԵԽ ժողովրդավարության եւ քաղաքական հարցերով հանձնաժողովի գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանը, որից հետո նրանք որոշել են նստացույց եւ հացադուլ չանել: Մարտի 1-ին զոհված Տիգրան Աբգարյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, նշեց, որ հանդիպումից ստացած իր տպավորությամբ` եվրոպացի չինովնիկները հետեւում են Հայաստանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ բանաձեւերի կատարմանը: Զոհերի հարազատներին նաեւ խոստացել են, որ կարճ ժամանակ անց` գալիք տարվա հունվարի առաջին տասնօրյակում, իրենց հետ կհանդիպեն նաեւ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները: Ալլա Հովհաննիսյանը նշեց, որ մինչեւ նոյեմբերի 9-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքի օրը իրենք ձեռնպահ կմնան նստացույց եւ հացադուլ անելուց, իսկ դրանից հետո էլ կորոշեն, թե ինչ է պետք անել: