Հետազոտական ընկերությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ iPhone 4S ի պահանջարկն ԱՄՆ-ում շատ բարձր է: Սմարթֆոններ գնելու ծրագրերի վերաբերյալ հարցումներն արվել էին դեկտեմբերի վերջին:
ChangeWave ընկերության հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ի սպառողների այն 54 տոկոսը, որը հայտնել էր, որ պատրաստվում է հաջորդ 90 օրերի ընթացքում սմարթֆոն գնել, նաև հայտնել էր, որ, ամենայն հավանականությամբ, կգնի հենց Apple-ի iPhone 4S հեռախոսը:
Ինչպես գրում է Computerworld-ը, ChangeWave–ի հետազոտության ղեկավար Փոլ Քարթոնն ասել է, որ ցուցանիշը նվազել է: 2011 թվականի հոկտեմբերին, երբ Apple-ը հանրությանը նոր էր ներկայացրել իր iPhone 4S հեռախոսը, ԱՄՆ սպառողների 65 տոկոսն էր հայտնել, որ iPhone հեռախոսներն է նախընտրում:
Այնուամենայնիվ, Քարթոնն ասել է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է ընկերության համար` հիմնված այն բանի վրա, որ հեռախոսներն արդեն երկու ամիս և ավել գտնվում են շուկայում:









































