Մարդկանց գիտակցության մեջ պետք է վերադարձնել գիրքը և դրա նկատմամբ հարգանքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երիտասարդ գրող Համբարձում Համբարձումյանը`անդրադառնալով գրքի արժևորման և ընթերցանության մշակույթին:
Նշենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի խորհուրդը հաստատել է 2012թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու որոշումը: Այդպիսով, Երևանը կլինի 12-րդ քաղաքը, որ արժանացել է նման կոչման։ 2010թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակվել Լյուբլյանան, 2011-ին՝ Բուենոս Այրեսը։
«Եթե դիտարկենք վերջին 10-15 տարիները, Երևանի և գրքի հարաբերությունը, Երևանը չի վաստակել այս կոչումը: Խորհրդային տարիներին հարգանք կար գրքի հանդեպ, ընթերցանություն կար, բայց վերջին տարիներին ամեն բան արվել է, որպեսզի ընթերցողների քանակը պակասի, գրախանութները պակասեն, և իմ կարծիքով՝ վերջին տարիներին դրությունը խոստումնալից չէ»,- մեկնաբանեց Հ. Համբարձումյանը`հավելելով, որ եթե այլ քաղաքներում այդպիսի տարի է հռչակվել, ինչու ոչ՝ Հայաստանում նույնպես թող լինի:
Գրողի համոզմամբ, այս միջոցառումը նույնպես լինելու է նույն մակարդակի, ինչ ՀՀ մշակույթի նախարարության այլ միջոցառումները: Այսինքն, ըստ նրա, խորքային որևէ բան չի փոխվելու: Նա չի բացառում, որ ինչ-որ փոքր չափով գրքի նշանակությունը բարձրացվի, բայց ո՛չ ընթերցանությունը, քանի որ այսօր հաջողակ մարդը համարվում է օլիգարխը, ով բիզնեսներ ունի և այլն:
Համբարձում Համբարձումյանը նշեց, որ կա գրքի մշակույթի բացակայություն, որն ավելի ու ավելի է հեռացվում: Նա կարծում է, որ մշակույթի վերականգնման հարցում անելիք ունեն մշակութային գործիչները, որոնք պետք է մարդկանց գիտակցության մեջ գիրքը վերադարձնեն, գրքի նկատմամբ հարգանքը վերադարձնեն, արժևորեն գիրքը ոչ միայն հոգևոր առումով, այլև նյութապես:
Անդրադառնալով գրողներին`նա ասաց, որ չի տեսնում այն հիմքը, որ մոտ է այն ժամանակը, երբ կարժևորվեն և՛ գրողները, և՛ նրանց ժառանգությունը: «Մարդիկ գումար չեն տրամադրում գիրք գնելու համար, սակայն կայքերում տեղադրված ստեղծագործությունները կարդացվում են շատ լավ և մեծ թրաֆիք են ապահովում, սակայն այդ դեպքում գրողները չեն վարձատրվում: Պետք է ձևավորվի գրական շուկա և արժևորվի գիրքը»,- մեկնաբանեց գրողը`հավելելով, որ ամենակարևոր խնդիրներից մեկը նաև հեղինակի հանդեպ հարգանքն է և հեղինակային իրավունքի պաշտպանումը:









































