Հունվարի 5-ին, ժամը 23.29-ին, «Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա» բժշկական կենտրոնից երեք հիվանդի էին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն. 1975 թ. ծնված Ս. Քրիշյանը, 1972 թ. ծնված Ա. Հովհաննիսյանը և 1981 թ. ծնված Բ. Միրզոյանը բժշկական կենտրոն էին տեղափոխվել թունավորման ախտանիշներով: Միջադեպի մանրամասները «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել «Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա» բժշկական կենտրոնի հերթապահ բժշկուհի Գոհար Պեպոյանից:
Վերջինս նշեց, որ հիվանդները հոգեբուժական բաժանմունքում տեղադրված տնային բույսերի պալարներ էին կերել: «Բաժանմունքում մենք բազմաթիվ բույսեր ենք աճեցնում, որպեսզի հոգեբուժարանի մթնոլորտը մեղմ լինի: Իրենք այդ բույսերից մեկի պալարը հանել են հողից և կերել` մտածելով, թե բողկ է կամ գետնախնձոր: Իրենք ընդամենը մտածել են՝ ուտելի է, և կերել են»,- մեկնաբանեց Գ. Պեպոյանը`հավելելով, որ նրանք հոգեկան հիվանդներ են, չպետք է դա մոռանալ:
Հարցին՝ ի՞նչ գանգատներ են ունեցել հիվանդները պալարներն ուտելուց հետո, բժշկուհին պատասխանեց, որ նրանց մոտ նկատվել է թքարտադրություն, աչքերի և դեմքի կարմրություն. «Հերթապահ բժիշկը զննել է և անմիջապես կանչ գրանցել Շտապբուժօգնության ծառայություն, որի օգնությամբ հիվանդները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն և նույն օրը օգնություն ստանալուց հետո վերադարձել են հոգեբուժական բաժանմունք»: Հերթապահ բժշկուհու հավաստմամբ` այս պահին հիվանդների վիճակը կայուն է, նրանք գանգատներ չունեն:
Գոհար Պեպոյանը նաև տեղեկացրեց, որ հիվանդներին հետևում են հիվանդապահները, որոնք թվով շատ ավելի քիչ են, քան հիվանդները: Հերթապահ բժշկուհին ասաց, որ ամեն դեպքում հիվանդապահները փորձում են վերահսկել՝ հիվանդներին նման միջադեպերից ետ պահելու համար: «Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա» բժշկական կենտրոնում հիվանդների առօրյա զբաղմունքը հեռուստացույց դիտելն է և այլն: Տոնական օրերին նրանց առօրյան չի փոխվում, միայն ավելանում են սննդատեսակները`մանդարին, գաթա և այլն:









































