Իշխանության հայտարարությունները, թե իրենք հետևողական են լինելու բիզնեսը խորհրդարանից տարանջատելու գործում և այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկելու, պարզապես հերթական աճպարարություն են՝ ուղղված Արևմուտքին սիրաշահելուն ու հաճոյանալուն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը:
«Գործող վարչախմբի՝ ընտրությունների մասին վերջին 14 տարվա բոլոր ասելիքները կրկնողություն են, այժմ միայն ավելացել է այն տարբերակը, որ օլիգարխներին ու բիզնեսը փորձում են տարանջատել քաղաքականությունից: Բայց այդ դեպքում էլ կոալիցիոն կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, չպետք է մասնակցեն ընտրություններին, որովհետև նրանք բոլորն էլ կրիմինալ, «օբշչակի փողերի» վրա կառուցված կուսակցություններ են:
Իսկ հնարավո՞ր է, որ նրանք չմասնակցեն ընտրություններին, իհարկե՝ ոչ: Եթե անգամ հայտնի օլիգարխները մուտք չգործեն նոր խորհրդարան, ապա չի բացառվում՝ վերջիներիս փոխարեն մուտք գործեն իրենց ձագերը: Տարբերությունը ո՞րն է: Եթե ԱԺ մի քանի անհայրենիք, եվրոպական կրթություն ստացած ջահելի մտցնեն, ավելի վատ կլինի: Դա հարցի լուծում չէ, հարցի լուծում կլինի համակարգային փոփոխությունը: Իսկ վարչախումբը որևէ փոփոխության քաղաքական կամք չի դրսևորում»,- ամփոփեց Մակեյանը:









































