Միացյալ Նահանգները ողջունել է Եվրամիության երկրների մտադրությունը` էմբարգո դնել Իրանից հում նավթի մատակարարումների վրա` դա անվանելով «լավ լուր»:
Պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ նման քայլեր ձեռնարկեն ոչ միայն Միացյալ Նահանգների դաշնակիցներն ու գործընկերները, այլև մյուս երկրները:
Հիշեցնենք, որ երեկ Եվրամիության երկրների կառավարությունները նախնական համաձայնության եկան իրանական նավթի ներմուծումն արգելելու շուրջ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն հայտարարեց, որ այդ հարցով որոշումը կարող է ընդունվել Եվրամիության երկրների արտգործնախարարների նիստում, որը կայանալու է հունվարի 30-ին` Բրյուսելում: 2010 թվականին իրանական նավթը կազմել է Եվրամիության երկրներ ներկրված ամբողջ նավթի 5.8 տոկոսը:








































