Չիլիում քաղաքական սկանդալ է բռնկվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ աջակենտրոն կառավարության ճնշման տակ դպրոցական դասագրքերում փոխվել է գնահատականը գեներալ Աուգուստո Պինոչետի կառավարման շրջանի նկատմամբ: Այժմ դպրոցում աշակերտներին կսովորեցնեն, որ 1973-1990 թթ. ընթացքում Չիլիում գործել է «ռազմական վարչակարգ» և ոչ թե «բռնապետություն»:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ձախ կուսակցությունները մեղադրել են կառավարությանը պատմությունն աղավաղելու մեջ: Կառավարությունը պնդում է, որ իրենք փորձում են ընտրել առավել ընդհանուր եզրույթ, և որ այդ որոշումը քաղաքական ենթատեքստ չունի:
«Առաջինից վեցերորդ դասարանների դասագրքերում փոփոխություններ են մտցվում, որպեսզի երեխաները հասկանան, որ երկրում եղել է ոչ թե «բռնապետություն», այլ «ռազմական վարչակարգ»: Դա ավելի ընդհանուր հասկացություն է»,- լրագրողներին հայտնել է կրթության նախարար Հարալդ Բեյերը, որն այդ պաշտոնում է անցյալ շաբաթվանից:
Բեյերի խոսքերով՝ փոփոխությունները «համաձայնեցվել են և, առանց դիտողությունների, հավանություն են ստացել բոլոր ատյաններում, այդ թվում՝ կրթության ազգային խորհրդում»:
«Ես համաձայն եմ, որ Պինոչետի կառավարությունը ժողովրդավարական չէ: Սակայն այդ սահմանումը ընդունելի չէ նաև ռազմական վարչակարգի համար»,- պարզաբանել է Բեյերը:
Պինոչետի կառավարությունը «ռազմական վարչակարգ» համարելու առաջարկն արվել է Սեբաստիան Պինիերայի կառավարության կողմից: Վերջինիս հաճախ անվանում են «Չիլիի Բեռլուսկոնի»: Forbes ամսագրի տվյալներով՝ նրա կարողությունը գնահատվում է 2.4 մլրդ դոլար:
Պինոչետի կառավարությունը մինչ այժմ որակվել է որպես բռնապետություն: Վալեչի անվան իրավապաշտպանական հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ նրա կառավարման 17 տարիների ընթացքում տուժել է ավելի քան 40 հազար մարդ, ավելի քան 3000 քաղաքացի սպանվել կամ անհետ կորել է:
1998-2006 թթ. Պինիոչետը քրեական հետապնդման մեջ էր: Նա մահացել է 2006 թ. դեկտեմբերի 10-ին:









































