Տարվա մեծագույն կորուստը Թեղուտի անտառների արտաքին շերտի ավերումն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը`ամփոփելով անցնող տարվա ձեռքբերումներն ու կորուստները: Հակոբ Սանասարյանը Թեղուտում էր տասն օր առաջ և ականատես է եղել, թե ինչ ավերված վիճակում են Թեղուտի անտառները:
Նա նշեց, որ ոչ թե անտառները հատել են, այլ ամբողջ սարերը դարձրել են մեծ ու խորը ճանապարհներ:
«Գետերը հունից հանել են և առուներով տեղափոխում են, այսինքն` խոշորածավալ ավերածություն է, որը Հայաստանի վերջին 20 տարվա պատմության մեջ աննախադեպ է: Այսինքն` նախագիծը կյանքի կոչվեց ապօրինի եղանակով: Այն համարեցին հանրային գերակա շահ, երբ դա գերակա է մի քանի ընտանիքների համար, իսկ պետության և ժողովրդի համար դա մեծ կորուստ է»,- մեկնաբանեց Հ. Սանասարյանը` հավելելով, որ թշնամին նույնիսկ այդպիսի ավերածություններ չէր կարող անել:
2011 թ. ամենավնասաբեր ոլորտը, ըստ Հակոբ Սանասարյանի, հանքարդյունաբերությունն է: Նա նաև աննախադեպ համարեց նոր ատոմակայանի կառուցման որոշումը. «Եթե հանկարծ իրականանա այդ ծրագիրը, դա աղետաբեր հետևանքներ կունենա: Երևանից ուղիղ գծով 18 կմ հեռավորության վրա է նախատեսված նոր ատոմակայանը: Չեռնոբիլյան աղետը 20 տարի առաջ եղավ, Ճապոնիան ունեցավ կորուստներ, և այն մինչ այժմ չի կարողանում վթարը վերացնել: Տոկիոյից մինչև Ֆուկուսիմա ատոմակայանի ռեակտորներ 400 կմ է: Ուղիղ գծով մինչև Տոկիո` 220 կմ: Նույնիսկ այս դեպքում այժմ Տոկիոյից որոշ բնակիչներ հեռանում են: Ի՞նչ է նշանակում 18 կմ-ը»:
Կանաչների միության նախագահը չշրջանցեց նաև այս տարի ընդունված «Ընդերքի մասին» օրինագիծը, որն ըստ նրա` մի քանի ընտանիքների շահի համար է: Նա այդ օրինագիծը որակեց օրենքով կողոպուտ:










































