Հոնկոնգում Նոր տարվա առաջին օրը տեղի կունենա վիշապների շքերթ: Քաղաքի կենտրոնում կհավաքվեն միանգամից 88 վիշապներ և համերաշխ կպարեն ավանդական ծիսական պարերից մեկը:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, կազմակերպիչները հույս ունեն, որ այդ միջոցառումը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Վիշապների պարին կմիանան նաև 50 առյուծներ:
Չինական մշակույթում վիշապը հատուկ նշանակություն ունի: Այն խորհրդանշում է բնության հզորությունը և ուժը, ինչպես նաև իմաստությունը և կայսերական իշխանությունը: Վիշապների մոգական պարն արտացոլում է չինացիների երկրպագումն այդ սուրբ արարածներին, ինչպես նաև չինացիները այդպիսով խնդրում են նրանց հեռացնել բոլոր քամիները և առատ բերք պարգևել:
88 թիվը նույնպես պատահական չէ: Այն չինացիների համար խորհրդանշում է հարստություն և բարգավաճում:











































