«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության փոխանցմամբ, Հրանտ Դինքի սպանության գործով շաբաթասկզբին վերսկսված դատական պրոցեսը կրկին մի շարք անպատասխան հարցեր է թողնում նախևառաջ տուժող կողմի և ազատական հայացքների տեր թուրք մտավորականների շրջանում:
Երկուշաբթի օրը Բեշիքթաշի քրեական դատարանի մոտ Դինքի ընտանիքին աջակցող մտավորականներից մեկը` Գյուլթեն Կայան հրապարակել է կառավարությանն ուղղված իրավապաշտպանների համատեղ հայտարարությունը:
«Մի ծաղրեք մեզ: Արձագանքեք մեր պահանջներին: Որտե՞ղ են Դինքի մարդասպանները: Որտե՞ղ եք դուք թաքցնում նրանց` ոստիկանության բաժանմունքներո՞ւմ, խորհրդարանի միջանցքներու՞մ, թե՞ զինված ուժերի հրամանատարական կետերում», – նշված էր հայտարարության մեջ:
Դինքի սպանության բացահայտման պահանջով կազմակերպված հերթական այս ցույցին, ըստ ռադիոկայանի փոխանցման մասնակցել են քաղաքական ազդեցիկ ուժերի ներկայացվածության մակարդակով: Բողոքի ակցիային ներկա էին ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրիկուլուն, քրդամետ «Խաղաղություն և Ժողովրդավարություն» կուսակցության անդամներ, դատարանի մերձակա հրապարակում էր նաև երկրի խոշորագույն արհմիություններից մեկի` շուրջ 300 հազար ակտիվ անդամ ունեցող «Հեղափոխական բանվորների համադաշնության» (DISK) նախագահ Թայֆուն Գորգյունը:
Չնայած քաղաքական այս ճնշմանը, դատական գործընթացում որևէ էական տեղաշարժ կրկին չարձանագրվեց: Հիմնական ինտրիգը շարունակում են մնալ Դինքի սպանության կազմակերպիչներից մեկի` Յասին Հայալի ցուցմունքները: Hurriyet-ին տված հարցազրույցում Դինքի շահերը ներկայացնող փաստաբաններից մեկը` Ֆեթհիյե Չեթինն ասել էր. – «Հայալի նկատմամաբ լուրջ ճնշում են գործադրում, որպեսզի նա դատարանի հետ չկիսվի մի շարք կարևոր տեղեկություններով: Հայալի նկատմամբ ճնշումները տարբեր կողմերից են, և եթե նա ի վիճակի լիներ խոսել, ապա շատ ասելիք կունենար»:
Նախորդ դատական նիստերի ընթացքում տեղեկություններ հայտնվեցին, որոնց համաձայն թուրքական ոստիկանությունը հենց Յասին Հայալի միջոցով էր կարողացել տեղեկություններ ստանալ Դինքի ծրագրվող սպանության մասին, սակայն այդպես էլ որևէ կանխարգելիչ քայլի չէր դիմել:
«Դատավարությունը գրեթե չորս տարի է արդեն ինչ շարունակվում է, սակայն որևէ առաջընթաց չկա», – արձանագրել է Ֆեթհիյե Չեթինը:
Դատարանի շենքի մոտ կազմակերպված ցույցի մասնակիցներից մեկը` լրագրող Գարո Փայլանը նշում է, որ 2007 թվականից ի վեր իշխանություններն այդպես էլ չկարողացան հստակորեն ապացուցել, որ կապ չունեն սպանության հետ:
«Պետությունն ինքը չի կարողանում տարանջատել իրեն մարդասպաններից ու Դինքի սպանությունը հրահրած անձանցից», – նշել է Փայլանը:









































