Դեկտեմբերի 18 – ին` կիրակի օրը, Պազարջիկում տեղի է ունեցել Սուրբ Ստեփանոս եկեղեցու բացման արարողությունը և մատաղի օրհնություն:
Բուլղարիայի հայոց թեմի մամլո դիվանից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ բացմանը ներկա էին Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան տիար Արսեն Սհոյանը, դեսպանատան դիվանագետ Աննա Սահակյանը, Բուլղարիայի թեմական խորհրդի ատենապետ պրն Ռուբեն Գրիգորյանը, հայ ազգային միությունների և կազմակերպությունների վարչական ներկայացուցիչներ և անդամներ, հոգևոր այրեր և հավատավոր զավակներ, ինչպես նաև Պազարջիկի քաղաքային իշխանավորներ:
Պատարագիչն էր Բուլղարիայի հայոց թեմի Աոաջնորդական տեղապահ Տ. Աբգար Վարդարպետ Հովակիմյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը Սուրբ Ստեփանոս եկեղեցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված օծված վեմ քարի վրա մատուցեց Սուրբ և անմահ Պատարագ: Իր քարոզի մեջ առաջնորդական տեղապահն անդրադարձել է հայ ազգային և հոգևոր կյանքում եկեղեցու դերին և նշանակությանը, ինչպես նաև ներկաներին փոխանցել Ամենայն հայոց հայրապետի սերն ու օրհնությունը:
Պատարագից հետո կատարվել է մատաղի օրհնության կարգ: Սրբազան արարողությունից հետո տեղի է ունեցել եկեղեցու բարերար Նշան Պզտիկյանի ընտանիքի կողմից կազմակերպված պաշտոնական ճաշկերույթ` ի պատիվ դեսպան Արսեն Սհոյանի և աոաջնորդական տեղապահ Տ. Աբգար վրդ. Հովակիմյանի:
.









































