Իսրայելական Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ առաջիկա գարնանը ԱՄՆ-ը և Իսրայելը անցկացնելու են հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) զորքերի համատեղ զորավարժություններ, որոնք իրենց մասշտաբով աննախադեպ են լինելու։ Դրանք տեղի են ունենալու Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած իրավիճակի ֆոնին։
Jerusalem Post-ը գրում է, որ այս շաբաթ Իսրայել է այցելել Գերմանիայում տեղակայված ԱՄՆ 3-րդ օդային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրենկ Գորենցը։ Վերջինիս այցի արդյունքում վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել զորավարժությունների անցկացման մասին։
Զորավարժությունների նպատակը ՀՀՊ-ի միացյալ հրամանատարության նախապատրաստումն է հնարավոր մասշտաբային տարածաշրջանային հակամարտությանը։ Զորավարժություններին մասնակցելու նպատակով Իսրայել է ժամանելու մի քանի հազար ամերիկացի զինծառայող։ Իսրայելի տարածքում տեղակայվելու է ամերիկյան ՀՀՊ-ի հրամանատարական կետ։
Նշվում է, որ զորավարժություններին մասնակցող ամերիկացիներն Իսրայել են ժամանելու իրենց սարքավորմամբ, այդ թվում՝ նաև բարձր գոտու պաշտպանության նորագույն համակարգերով։ Իսրայելի ափեր կուղարկվեն ՀՀՊ-ի AEGIS համալիրներով զինված ռազմանավեր։ Միևնույն ժամանակ, իսրայելցի զինծառայողները կուղարկվեն Գերմանիայում ամերիկյան ՀՀՊ-ի հրամանատարական կետ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին հայտարարել է, որ Թեհրանը չպետք է թերագնահատի ԱՄՆ-ի վճռականությունը Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծում թույլ չտալու հարցում։
Իսկ դրանից առաջ էլ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան հայտարարել էր, որ Իրանին միջուկային զենք ստեղծելուց բաժանում է մեկ տարուց էլ պակաս ժամանակ, ինչը, շատերի կարծիքով, նշանակում էր, որ Իրանին ռազմական հարված հասցնելու համար նույնպես մնացել է այդչափ ժամանակ։











































