Ինֆորմացիայի ազատության կենտրոնը այսօր` դեկտեմբերի 14-ին, ներկայացրեց «Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում -2011» մոնիտորինգը և դրա արդյունքներն ամփոփող գիրքը:
Ասուլիսի բանախոս, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր Մկքոյը նշեց, որ հասարակության համար տեղեկատվության մատչելիությունը , լրատվամիջոցների ազատությունը շատ կարևոր նախապայման են ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանման գործում:
«Ավելի կարևոր է, թե ինչպես է այս դաշտը կիրառվում, իրականացվում: Շատ կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունն ու իշխանություններն անհրաժեշտ կամք ցուցաբերեն իրենց իրավունքների իրացման գործում: Լավ կլիներ, եթե հայաստանյան ղեկավարությունն առավել մեծ ուշադրություն դարձներ ինֆորմացիայի ազատությանը և այդ դրութը ներառեր իր նախընտրական քարոզարշավում:
Ինչ վերաբերում է այս զեկույցին,ապա այն շատ արհեստավարժ կերպով է կազմվել: Ինձ դուր է եկել, թե ինչպես են տեղեկատվության ազատության մասին դրույթները մատչելի կերպով ներկայացվել հանրությանը: Միաժամանակ, ես ընդամենը երկու շաբաթ եմ այստեղ և չեմ կարող հիմնավորապես ասել` ինչպիսի՞ն է Հայաստանում լրատվամիջոցների վիճակը»,- ասաց Օլիվեր Մկքոյը:
Փորձագետ Լիանա Դոյդոյանն էլ իր հերթին նկատեց, որ մոնիտորինգը կատարվել է մայիս-հունիս ամիսներին: «Հարցումներ ուղարկվել են ամենատարբեր մարմիններ ու հաստատություններ` ԱԺ, քաղաքապետարաններ, մարզպետարաններ, գյուղապետարաններ և այլն: Մեր հղած 250 հարցումների 56 տոկոսին պատասխանել են լիարժեք, 30 տոկոսը մնացել է անպատասխան, ինչը խիստ բացասական արդյունք է: Մերժումների թիվը ևս մտահոգիչ է. դրանք եղել են 8-ը, դրանցից միայն մեկում է օրենքով հիմնավորվել մերժման պատճառը: Հարցումների 19 տոկոսի պատասխանները եկել են ուշացած, լուռ մերժումները ևս մեծ տոկոս են կազմել:
Հարցումները հղել ենք գրավոր, բանավոր և էլեկտրոնային տարբերակներով: Պատասխաններ ժամանակին են ստացվել շատ քիչ մարմիններից, ինչպես օրինակ`աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Էլեկտրոնային փոստով նրանք մեզ լիարժեք պատասխանել են մեկ ժամում»,- ասաց Լիանա Դոյդոյանը:









































