«Համերգների ժամանակ մի տղա մոտեցավ ինձ ու ասաց` մեքենայում քո երգերն ենք լսում: Շատ դժվար է դրսի երեխաների համար, որովհետև միայն տանը հայերեն խոսելով հայապահպանության հարցը չի լուծվի»,- լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով արտերկրում հայապահպանության դժվարին խնդրից, ասաց երգչուհի Արմինե Նահապետյանը` Արմինկան:
«Արտերկրում ծնողներն այնքան ժամանակ չունեն, որ նստեն ու երեխաների հետ զբաղվեն այբուբենի ուսուցմամբ, ինչը լուրջ խնդիր է»,- մտահոգություն հայտնեց երգչուհին:
Երգչուհի Արմինկան հավելեց` այլ հարց է, թե իրենց երաժշտությունը որքանով կկարողանա ճիշտ ազդել դրսում հայապահպանության վրա:
«Երգը շատ բան կարող է անել, բայց ամեն ինչ չի կարող անել հայապահպանության գործում: Շատ-շատ երգեր կան, որ ես ինքս մեքենայի մեջ լսում եմ, ու դրանք ինձ պահում են, որպեսզի երբևէ չհեռանամ Հայաստանից: Այո, երգն ունի այդ ուժը, հոգևոր զենքի ուժ ունի»,- նշեց Արմինկան:










































