Չինաստանի ինտերնետ օգտատերերը պաշտպանել են իշխանությունների կողմից հալածանքների ենթարկվող այլախոհ նկարիչ Այ-Վեյվեյին` Twitter-ում և այլ սոցցանցերում տեղադրելով իրենց մերկ լուսանկարները: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` դրանով նրանց ուզում են ցույց տալ, որ մերկ նկարը դեռ պոռնոգրաֆիա չէ:
«Մերկ ակցիայի» համար պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ Չինաստանի ոստիկանության կողմից մեղադրանք է առաջադրվել Այ-Վեյվեյի նկատմամբ, որի համացանցում տեղադրված մերկ նկարները որակվել են որպես պոռնոգրաֆիա:
Համացանցում չինացիների ակցիան տեղի է ունենում «Այ Վեյվեյի երկրպագուները մերկանում են. Չինաստանի կառավարություն, ուշադրություն. Մերկությունը պոռնոգրաֆիա չէ» կարգախոսով:
Ինքը` նկարիչը, Reuters գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ 4 մերկ կանանց հետ իր նկարները համացանցում տեղադրելու քայլը քաղաքական ենթատեքստ չունի. ինքը դա արել է«վախից և մեկուսացման զգացողությունից ազատվելու համար»:
Հիշեցնենք. ավելի վաղ իշխանությունները Այ-Վեյվեյին մեղադրում էին հարկերը չվճարելու մեջ:







































