Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 16-18-ը ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով կմեկնի Մոսկվա:
Այցի շրջանակում ԱԱԽ քարտուղարը կհանդիպի Ռուսաստանի իր գործընկերոջ` Նիկոլայ Պատրուշևի, Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Դմիտրևի, Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
Այցի շրջանակում կստորագրվի Հայաստանի և Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհուրդների միջև համագործակցության 2012-2013թթ. ծրագիրը:
Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության ընթացիկ հարցերի քննարկման և հետագա փոխգործակցության նոր ուղիների նախանշման նպատակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կենտրոնակայանում տեղի կունենա «Հայաստանի համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին կմասնակցեն ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների, ՀԱՊԿ ստորաբաժանումների, պաշտոնական այլ շրջանակների ներկայացուցիչներ և փորձագետներ:
ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի կողմից իրականացված բարեփոխումների շուրջ զեկույցով հանդես կգա ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:









































