Իջևանի քաղաքապետի ընտրությունն ունեցավ բավական սուր ընթացք, բայց միաժամանակ նաև բավականին արագ հանգուցալուծում: ՀՀԿ և ԲՀԿ թեկնածուները լրջորեն բախվեցին իրար, բայց ՀՀԿ-ն մեկ էլ հանգիստ և հեշտությամբ ընդունեց ԲՀԿ թեկնածուի հաղթանակը:
Փորձագիտական հանրությունն ու քաղաքական կյանքով հետաքրքրվող քաղաքացիները, բնականաբար, փորձում են հասկանալ, թե ինչի հետ գործ ունեցանք այդ ընթացքում: Հնարավոր է, որ թե՛ ԲՀԿ, թե՛ ՀՀԿ վերևները որոշակիորեն ինքնահոսի էին մատնել ՏԻՄ մակարդակում տեղի ունեցող այդ գործընթացը՝ փորձելով կողքից կամ այսպես ասած՝ վերևից հետևել իրադարձությունների զարգացմանն ու տեսնել, թե արդյոք որքանով է արդյունավետ իրենց, այսպես ասած, շարքերի ինքնակարգավորումը, ինչը մեծ նշանակություն կարող է ունենալ խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Բայց, տեսնելով, որ իրավիճակը իքս պահին դուրս է գալիս վերահսկողությունից, վերևները ստիպված եղան միջամտել:
Հատկանշական է, որ միջամտության հարցում, այսպես ասած, «իրավունքը» տրվեց ԲՀԿ-ին, իսկ «Հանրապետականը» կարծես թե այդպես էլ բարձր մակարդակից գործնական միջամտության չդիմեց: Չի բացառվում, որ սա էլ, այսպես ասած, ընդհանուր մարտավարության նախավարժանքային մի քայլ էր, երբ տեղերում հարկ կլինի օգտագործել նաև ԲՀԿ ռեսուրսը, տեսնել, թե այդ կուսակցությունն ինչքանով է ունակ օպերատիվորեն արձագանքել իրավիճակին և կայացնել որոշումներ, այն վերցնել վերահսկողության տակ: Այդ առումով, ԲՀԿ-ն երևի թե հանձնեց քննությունը ՀՀԿ մոտ՝ ցույց տալով, որ այսպես ասած՝ ՀՀԿ-ական վերին քարտ-բլանշի առկայության պարագայում կարող է տեղերում հարկ եղած դեպքում տիրապետել իրավիճակին:
Մյուս կողմից, սակայն, այս նախավարժանքային վարկածից զատ, հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞վ բացատրել, օրինակ, մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ Հայ ազգային կոնգրեսի տեղական կառույցը աջակցել է ԲՀԿ-ական թեկնածուին: Մի՞թե տեղական կառույցը չէր կարող հասկանալ, կամ Կոնգրեսի կենտրոնական կառույցը չէր կարող հասկանալ, որ, մեծ հաշվով, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն նախավարժանք են անում, մարտավարական մեքենան են, այսպես ասած, փորձարկում, հետևաբար չարժե նրանցից որևէ մեկին աջակցել:
Չի բացառվում, իհարկե, որ աջակցություն՝ որպես այդպիսին, չի եղել, պարզապես, այսպես ասած, մարտավարական տրամաբանությունից ելնելով է շրջանառության մեջ դրվել լուրը, թե Կոնգրեսի կառույցը աջակցել է ԲՀԿ թեկնածուին: Դրանով կարող էր փորձ արվել Կոնգրեսի շուրջ ստեղծել հերթական գործարքային ֆոնը: Բայց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը կարծես թե որևէ կերպ չի հերքել, որ տեղի կառույցը աջակցել է ԲՀԿ թեկնածուին: Իսկ նկատի ունենալով նաև այն, որ Կոնգրեսն, այսպես ասած, կենտրոնական մակարդակով էր մեսիջ հղել ԲՀԿ-ին՝ դեռևս շուրջօրյա հանրահավաքների հոկտեմբերյան շարքի ընթացքում, ապա Կոնգրեսի տեղական կառույցի քայլը նույնիսկ որոշակի շարունակություն է թվում, և նույնիսկ թվում է, այսպես ասած, նույն կերպ փորձարկում, պարզապես ԲՀԿ-Կոնգրես համագործակցության տարբերակով: Այսինքն՝ այս վարկածը կարծես թե նույնքան հող կարող է ունենալ, որքան ՀՀԿ-ԲՀԿ տարբերակը:
Այդպիսով, բավական հետաքրքիր պատկեր է ստացվում. ԲՀԿ-ն ու Կոնգրեսը համատեղ աշխատանքով հաղթում են ՀՀԿ-ին: Չի բացառվում, իհարկե, երկակի խաղի տարբերակը: Օրինակ՝ ԲՀԿ-ն միաժամանակ փորձում է թե՛ Կոնգրեսի հետ համագործակցության տարբերակներ դիտակել, արդյունավետության տեսանկյունից, ասենք՝ ծայրահեղ դեպքերի համար, թե՛ նաև ՀՀԿ-ին ցույց տալ, թե ինչ վտանգների առաջ կարող են կանգնել, եթե ԲՀԿ-ին «նեղացնեն»: Կոնգրեսն էլ միգուցե փորձում է միաժամանակ թե՛ ԲՀԿ հետ հնարավոր համագործակցության հեռանկարները փորձարկել, թե՛ միաժամանակ ինքն էլ ՀՀԿ-ին ցույց տալ, որ ներիշխանական խնդիրները վերջնականապես կամ երաշխավորված մարելու լավագույն տարբերակը Կոնգրեսի հետ խնդիրները լուծելն ու համագործակցության եզրերը վերականգնելն է:
Բոլոր դեպքերում, Իջևանի ընտրություններում բավական հետաքրքրական «եռանկյունի» ստացվեց, որտեղ ԲՀԿ-ն ակտիվ խաղացողն էր, Կոնգրեսը ցուցաբերում էր լատենտային ակտիվություն, իսկ ՀՀԿ-ն էլ ստանձնել էր, այսպես ասած, դիտորդի դերը, իհարկե՝ դատավորի կարգավիճակում: Սակայն այստեղ, իհարկե, Կոնգրեսի և ԲՀԿ պարագայում կա մի լուրջ հանգամանք՝ ի՞նչ է լինելու, երբ ավելի մեծ՝ համապետական մասշտաբի ընտրությանը Կոնգրեսն էլ լինի արդյունքի անմիջական շահառու: Չէ՞ որ այդ դեպքում արդեն ԲՀԿ հետ պայմանավորվելը լինելու է չափազանց բարդ: Բացի այդ, ինչպե՞ս են պահելու իրենց կողմերը, երբ ՀՀԿ-ն անմիջականորեն մտնի խաղի մեջ՝ ինքն էլ հանդիսանալով արդյունքի շահառու:
Այդ տեսանկյունից ակնհայտ է, որ Իջևանի ընտրությունն ամենևին չի կարելի համարել խորհրդարանի ընտրության անգամ մոտ մանրակերտ, կամ այդ ընտրության սցենարային տարբերակների այլընտրանքային մանրակերտ: Համենայնդեպս, դատելով Հայաստանի ներքաղաքական և ներիշխանական ներկա իրողություններից, դրա հավանականությունը քիչ է: Ավելին, կարելի է ասել նույնիսկ հակառակը, համենայնդեպս այդպիսի տպավորություն է ընդհանուր առմամբ, որ Իջևանն ավելի շատ միտված էր բացառել այն հնարավոր տարբերակները, որ կարող էին լինել խորհրդարանի ընտրության, այսպես ասած, ավանդական սպասվող տարբերակին այլընտրանք:
Լուսանկարը՝ Bravo.am-ի








































