«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ «Ռոբշին» ՍՊԸ-ի կողմից երեկ տարածած հայտարարությունը դեռ չի նշանակում, թե խնդիրը ստացել է վերջնական (դրական) լուծում:
Նախաձեռնության անդամները խնդիրը վերջնական լուծված համարելու համար ՀՀ բնապահպանության նախարարից պահանջում են, որ վերջինս ուժը կորցրած ճանաչի հողերի կատեգորիան փոխելու մասին ՀՀ կառավարության կողմից 15․07․2004թ. ընդունված N 1022 որոշումը, որով ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնու գյուղական համայնքի պետական սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության մեկ հեկտար այլ հողեր փոխադրվել են էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:
Բացի այդ` նախաձեռնությունը պահանջում է վերականգնել վերոնշյալ որոշմամբ փոփոխված հողերի կատեգորիայի նախկին կարգավիճակը, և/կամ համապատասխան մասնագիտական և շահագրգիռ կողմերի հետ քննարկելուց հետո նշյալ հողատարածքը ամբողջությամբ կամ մասնակի ներառել բնության ջրագրական հուշարձան համարվող «Թռչկան» ջրվեժին պատկանող պահպանվող գոտում, կատարել բնության հուշարձանի անձնագրավորում և սահմանել պահպանության ռեժիմը:
Նախաձեռնությունը պահանջում է ուժը կորցրած ճանաչել «ՀՀ Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին 21.06.2010թ. տրված N ԲՓ 58 դրական փորձաքննական եզրակացությունը, ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին տրված ջրօգտագործման համապատասխան թույլտվությունները և ջրօգտագործման իրավունքի գրանցումն ու դրա հիման վրա տրված վկայականը:
«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամները պահանջում են անհապաղ դադարեցնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին տրված փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման 07․04․2010թ. N 0348 լիցենզիայի գործողությունը, վերականգնել տվյալ տարածքում բնությանը հասցված վնասը, սեղմ ժամկետում քայլեր ձեռնարկել «Թռչկան» ջրվեժի` որպես բնության ջրագրական հուշարձանի անձնագիրը կազմելու և հաստատելու ուղղությամբ, այդ գործընթացում ներգրավել շահագրգիռ կողմերի, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և մասնագիտական կառույցների ներկայացուցիչներին:
Նախաձեռնությունում հավաստիացնում են, որ իրենք հաստատակամ են շարունակելու պայքարը՝ մինչև վերոնշյալ բոլոր պահանջների վերջնական իրականացումը:









































