Ինչպես հայտնի է դարձել «Առաջին լրատվական»-ին, Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ` ԼՂՀ կառավարության նիստում, այսօր` հոկտեմբերի 28-ին, քննարկվել են Հայաստանի մարզերի և Արցախի վարչական շրջանների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Արմեն Գևորգյանն ու ԼՂՀ վարչապետ Արամ Հարությունյանը բարձր են գնահատել վերջին տարիներին ձևավորված համագործակցությունը` միաժամանակ ընդգծելով այն առավել սերտացնելու անհրաժեշտությունը:
Կարևորվել է նաև Երևանի ու Ստեփանակերտի միջև կապերի խորացումը, ինչպես նաև այլ համայնքների միջև ուղիղ շփումների հաստատումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՏԻՄ ոլորտի բարեփոխումների գործընթացին վերաբերող քննարկումներին նաև արցախցի մասնագետներին ներգրավելու մասին:
Կարևորվել են գյուղատնտեսության ոլորտում փորձի, տեղեկատվության փոխանակման հարցերը: Անդրադարձ է եղել նաև զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման խնդիրներին:
Նշվել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը նոր հեռանկարներ է բացելու ոլորտի զարգացման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունների հետ կքննարկեն նոր երթուղիների, զբոսաշրջային նոր փաթեթների մշակմանը վերաբերող հարցեր:
Խորհրդակցությունից հետո Ա. Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող ջեռուցման կաթսաների, վառարանների արտադրության մեջ մասնագիտացած «Բիոտեխնոլոգիա» ընկերություն, ծանոթացավ արտադրությանը:
Գործարանի արտադրանքը նախատեսված է համեմատաբար մեծ տարածքների (180-1500քմ) ջեռուցման համար, և հիմնական պատվիրատուները հիմնարկ-ձեռնարկությունները, դպրոցներն ու զորամասերն են: Նոր տեխնոլոգիաներով արտադրվող ջեռուցման համակարգերը նաև տնտեսապես շահավետ են, քանի որ շահագործման համար օգտագործվում է պինդ վառելիք:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարանի արտադրանքը նաև Հայաստանում օգտագործելու վերաբերյալ:
ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ Արարատի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզպետները:
Պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:









































