«ԱրմենՏել» ընկերությունից (ապրանքանիշը` Beeline) «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ սկսվել են օպտիկամանրաթելային ցանցի աշխարհագրության ընդլայնման և DWDM տեխնոլոգիայի ներդրման ծրագրերը օպտիկամանրաթելային մայրուղիներում:
2011թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ «ԱրմենՏել» ընկերությունն ամբողջությամբ ավարտել է DWDM տեխնոլոգիայով մայրուղային ցանցի կառուցումը: Նոր գերարագ մայրուղին անցնում է Հայաստանի հյուսիսային սահմանից մինչև հարավայինը և ապահովվում է ամբողջ հանրապետությունով անցնող պահուստային տրանսպորտային ցանցը:
Ընդհանուր առմամբ` 2011թ. երկրորդ կիսամյակին «ԱրմենՏել» ընկերությունը ներդրել է ավելի քան 100 կմ օպտիկամանրաթելային մալուխ, ինչպես նաև կազմակերպել է ԼՂՀ մայրուղային օպտիկամանրաթելային ցանցին ուղիղ միացումը:
«Ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացումն արագագործ ցանցի կառուցմանն ուղղված մեր ընկերության հերթական քայլն է և այն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ամենահեռավոր բնակավայրերը: Շարժական և ֆիքսված լայնաշերտ ինտերնետի մեր ծառայություների հանդեպ պահանջարկն աճում է, և, հաշվի առնելով, որ այդ միտումը կպահպանվի, մենք նախապես պատրաստվում ենք ապահովել Հայաստանի միասնական օպերատորի բաժանորդներին կապի և ինտերնետ-հասանելիության ամենաժամանակակից և որակյալ ծառայություններով»,-ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերության օպտիկամանրաթելային ցանցի ընդհանուր երկարությունը 2770 կմ-ից ավելի է, որից 326-ը գտնվում է Երևանում:
DWDM (Dense Wave Division Multiplexing) ժամանակակից տեխնոլոգիան կիրառվում է գոյություն ունեցող ցանցերի արդիականացման և ընդլայնման համար` դրանց թողունակությունն էապես ավելացնելու նպատակով:
DWDM տեխնոլոգիայի առանցքային առավելությունն այն է, որ յուրաքանչյուր կապուղու արագությունն ու պրոտոկոլն անկախ են: Այս տեխնոլոգիայով գործող ցանցերը կարող են փոխանցել տվյալներ 100 Գբ/վ արագությամբ:









































