Շահավետ է ոչ միայն սահմանված անտրամաբանական գներով, այլև այն հանգամանքով, որ մշտական գումարային հոսք է ապահովվում` ՀՀ-ում մահացության ցուցանիշի տարեցտարի մեծացման շնորհիվ: Նշենք, որ 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է մահացության 20793 դեպք, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20588 դեպքի:
Նախկինում գերեզմանատները պետական էին, և հանգուցյալի շիրմատեղին անվճար էր տրամադրվում, սակայն այսօր պետական գերեզմանատները փակ են կամ այնտեղ պարզապես տեղ չկա, ուստի հանգուցյալները հանգրվանում են մասնավոր գերեզմանատներում, որտեղ գործող գները տրամաբանությունից դուրս են: Նվազագույն հաշվարկներով, մասնավոր գերեզմանատներում 4 հոգու համար նախատեսված տարածքի համար (4×3 մետր) Երևանի բնակիչները ստիպված են վճարել 4 հազար դոլար: Մարզերում գերեզմանատեղիի գները տատանվում են 40-60 հազար դրամի սահմաններում, իսկ հեռավոր գյուղերում այն առայժմ անվճար է, հետևաբար շատերը, իրենց հանգուցյալի համար քաղաքում տարածք գնելու հնարավորություն չունենալով, հաճախ հարազատի հուղարկավորությունը կատարում են հեռավոր գյուղերում:
Ինչևէ, կան շատ գերեզմանատներ, որոնք արդեն պաշտոնապես փակ են` տարածք չունենալու պատճառով: Բայց ինչպես ասում են` հանգուցյալ հեղինակությունների համար միշտ էլ տեղ գտնվում է: Օրինակ` Թոխմախի գերեզմանատունը, որը վաղուց փակ է համարվում, հեղինակությունների համար միշտ բաց է, սակայն պահված տեղերը «բռոնյա» անելու համար նվազագույնը 8 հազար դոլար է անհրաժեշտ:
Թաղման ծախսերը, սակայն, գերեզմանատեղիով չեն սահմանափակվում: Դագաղի արժեքը սկսում է 150 հազար դրամից, սրահը ձևավորող բյուրոյի գինը` 50 հազար դրամից, մեքենայի գինը` 30-50 հազար դրամից: Հարկ է նկատել, որ սրանք միջին հաշվարկներն են, քանի որ նույն ծառայությունները կարող են հասնել տասնյակ հազարավոր դոլարների: Ինչպես հայտնի է, հայերը նաև հոգեհաց են տալիս, որն այսօր շատերը նախընտրում են անել ռեստորաններում կամ հատուկ հոգեհացի օբյեկտներում, ինչի համար միջինը պահանջվում է ռեստորաններում` 4500-5000 դոլար, հոգեհացի օբյեկտներում` 2500: Մեզանում, ավանդույթի համաձայն, մինչև հանգուցյալի մահվան տարելիցը սգո կարգերը հաջորդական բնույթ են կրում ու բնականաբար, հավելյալ ծախս պահանջում: Այս ամենին գումարվում է նաև քահանային վճարելու գումարը, որը դեռևս ըստ ցանկության է, և նվագողների գումարը, որի արժեքը միջինը 100 հազար դրամ է:
Մեռնելու ամբողջական արժեքն, ավաղ, այսքանով չի սահմանափակվում: Գերեզմանատան տնօրինության պահանջով տարածքը պետք է բետոնե եզրապատ ունենա, որի միջին արժեքը 1500 դոլար է կազմում, իսկ չորս հոգու համար նախատեսված տարածքը բազալտով սալիկապատելու համար նվազագույն հաշվարկներով պահանջվում է 600 հազար դրամ: Հանգուցյալի տապանաքարի համար 500-700 հազար դրամ գումար է պահանջվում, իսկ երեք մետրանոց պատվանդանի վրա կիսանդրի պատվիրելու համար` 80-100 հազար դոլար: Հարկ է նկատել, որ հայերը սովորաբար նույնիսկ գերեզմանաքարերի և գերեզմանատեղիի հարցում են մրցակցության մեջ մտնում: Քարի արտադրամասերից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ հաճախ պատվիրատուներ են լինում, որոնք պատրաստ են հավելյալ 1000 դոլար վճարել, եթե պատրաստվող քարից ավելի շքեղ քար ամբողջ գերեզմանատանը չլինի:
Այս ամենը մեր հայրենակիցներին ստիպում է հանգել այն եզրակացության, որ Հայաստանում նույնիսկ վերջին թանկացումներից հետո ապրելը ավելի էժան է, քան մեռնելը: Հիշատակման արժանի են նաև սփյուռքահայերին տրամադրվող ծառայությունները, որ տեղադրված են www.netshop.am-ում: Փոքր ծաղկեփունջը այս կազմակերպությունն առաջարկում է 53 հազար 700 դրամով, 50×60 սմ չափի տորթը` 86 700 դրամով կամ $229.36, հարազատի շիրիմին մոմ վառելու գինը պայմանագրային է:
Հիշեցնենք, որ 2009թ. փետրվարին կառավարությունը շրջանառության մեջ դրեց մի նախագիծ, համաձայն որի գերեզմանատներում վճարովի հիմունքներով լրացուցիչ հողատարածք ձեռք բերելու համար մայրաքաղաքի բնակիչները մեկ քառակուսի մետրի համար պետք է վճարեն մեկ միլիոն դրամ, իսկ մյուս համայնքներում` 500 հազար դրամ: Բնակչության հատկացում, այսինքն` գերեզմանատեղիի հատկացում ՓԲԸ ինժեներ Ռազմիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մասնավոր գերեզմանատների մասին չի կարող ինֆորմացիա տալ, իսկ պետական գերեզմանատներում քաղաքացիներին տարածքը տրամադրվում է անվճար: Ամբողջ Երևանում կա ընդամենը 20 գերեզմանատուն: Ինժեները հավաստեց, որ այսօր գերեզմանատների տարածքի խնդիր կա, և «Երևաննախագիծ» ինստիտուտի նախնական հաշվարկներով, պետք է մինչև 2020թ. Երևան քաղաքին հավելյալ գերեզմանատարածքներ հատկացվեն: Բացատրելով պետական և մասնավոր գերեզմանատների տարբերությունը` նա հայտնեց, որ պետությունը յուրաքանչյուր ընտանիքի տրամադրում է 12 քմ մակերեսով գերեզմանատարածք, իսկ եթե քաղաքացիները ավել տարածք ցանկանան, պետք է վճարեն: Ի դեպ, մասնավոր գերեզմանատները քաղաքապետարանում գրանցված չէին:









































