Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆֆին անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմի հետևանքներին.
«ԿԽՄԿ-ն գրեթե 20 տարի առաջ է սկսել Ղարաբաղյան հակամարտության տուժածներին աջակցություն ցուցաբերելու իր գործունեությունը։ ԿԽՄԿ-ն օգնել է հակամարտության արդյունքում տուժած տասնյակ հազարավոր անձանց։ Ներկայումս՝ զինադադարի կնքումից 17 տարի անց, դեռևս զգալի են հակամարտության հումանիտար հետևանքները՝ ի դեմս անհետ կորածների, շփման գծում բնակվողների, ինչպես նաև ականների պայթյունից տուժած քաղաքացիների։
Այս բոլոր տարիներին ԿԽՄԿ-ն տարածաշրջանում օպերատիվ գործունեություն է ծավալել Հայաստանում և Ադրբեջանում ունեցած իր պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում իր առաքելության միջոցով։ Մենք վստահ ենք, որ մեր տևական ներկայությունը, ինչպես նաև տուժածներին մոտ կանգնած լինելը օգնել է լուծելու նրանց կարիքները պետքական ու արդյունավետ ձևով։
ԿԽՄԿ-ն բացառապես հումանիտար կազմակերպություն է, այն ներքաշված չէ քաղաքական խնդիրների լուծման գործընթացում։ Նրա չեզոքությունը այն երաշխիքն է, որ հակամարտող կողմերն ընդունում են նրան։ ԿԽՄԿ-ն կարող է նաև չեզոք միջնորդի դեր ստանձնել հակամարտող կողմերի խնդրանքով։ Օրինակ՝ Ղարաբաղյան հակամարտության պարագայում ԿԽՄԿ-ն ներգրավված է գերի ընկած զինծառայողների կամ քաղաքացիական անձանց փոխանակման գործընթացում։
ԿԽՄԿ-ն նմանատիպ վերջին գործողությունն իրականացրել է այս տարվա մայիսի 17-ին, երբ ադրբեջանցի զինծառայողը փոխանակվեց գերի ընկած հայ քաղաքացու հետ։
2008-2010 թվականներին ԿԽՄԿ-ն զբաղվել է անհետ կորածների մասին տեղեկատվություն հավաքելով։ ԿԽՄԿ-ն նաև նյութական օգնություն (տների վերանորոգում, անասունների տրամադրում) է ցուցաբերում անհետ կորածների ընտանիքներին։ ԿԽՄԿ-ն հոգեբանական աջակցություն է ցուցաբերում նրանց, որպեսզի կարողանան հաղթահարել իրենց հարազատ մարդու մասին տեղեկացված չլինելուց ստացած հոգեբանական տրավման։
2012 թվականին ԿԽՄԿ-ն իր ջանքերն ուղղելու է հայ-ադրբեջանական շփման գծում բնակվողների բարեկեցությանը, որոնց կյանքը վտանգի տակ է շփման գծին մոտ գտնվելու պատճառով։ ԿԽՄԿ-ի ջանքերն ուղղվելու են նրանց անվտանգության ապահովմանն ու կենսապայմանների բարելավմանը։ Հայաստանում այդ ծրագիրն իրականացվելու է Տավուշի մարզում։ 2012 թվականին ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղում անմիջական օգնություն է ցուցաբերելու ականներից տուժածներին։
Ներկայիս դրությամբ, ԿԽՄԿ-ի՝ Ղարաբաղյան հակամարտության անհետ կորածների ցանկում առկա է 4592 անուն։ ԿԽՄԿ-ն աշխատանքներ է տանում նրանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ։ Այդ նպատակով 2012 թվականին նրանց հարազատներից վերցվելու են ԴՆԹ-ի նմուշներ։ Պետք է նկատել, որ ԿԽՄԿ-ն զբաղվելու է միայն այն անհետ կորածների ճակատագրով, որոնց հարազատները դիմել են կազմակերպությանը՝ իրենց հարազատին որպես անհետ կորած գրանցելու խնդրանքով։
Անհետ կորածների խնդիրը հումանիտար խնդիր է, որը տարածվում է շփման գծի երկու կողմերում էլ բնակվող մարդկանց վրա։ Երկու կողմերից էլ կան ընտանիքներ, որոնք ամեն առավոտ արթնանում են իրենց հարազատի ճակատագրի անհայտության պայմաններում, և այդ անհայտությունն անվերջ է»։
Հիշեցնենք, որ կարծիքներ կան (քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյան), թե Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ժամանակ ադրբեջանցի զինծառայողների համար ի հայտ եկան մի շարք «եղբայրական գերեզմանոցներ» (զանգվածային)։ Խոսքն Ալիևի հրահանգով 1993 թվականի ձմռանը սկսված զանգվածային ու անհեթեթ հարձակման մասին է, որի ժամանակ, հայկական կողմի հաշվարկներով, ադրբեջանական կողմի կորուստը կազմում է 22.000 զինծառայող։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնի ղեկավար Լեյլա Յունուսի տվյալներով՝ միայն Քարվաճառում (Քելբաջար) սպանվել է ավելի քան 5000 ադրբեջանցի զինծառայող։
Սակայն սպանված ադրբեջանցի զինծառայողների զգալի մասն իր տեղը գտել է ստեղծված «եղբայրական գերեզմանոցներում», որով նրանք հայտնվել են անհետ կորածների ցանկում, ինչն արվել է ադրբեջանական կողմի կրած խոշոր կորուստները թաքցնելու նպատակով։









































