Բավարական մի ընկերություն ներկայացրել է ոչ ալկոհոլային գարեջրի տեսակ, որը, ըստ արտադրողների, ունի վերականգնող հատկություն: Ինչպես տեղեկացնում է RusAthletics.com կայքը, գերմանացիները որոշել են կոտրել այն կարծրատիպը, ըստ որի գարեջուր կարող են վայելել միայն հեռուստացույցի առջև նստած սպորտային իրադարձություններին հետևող երկրպագուները: Նոր տեսակը գարեջրի երկրպագուների բանակին միանալու հնարավորություն է տալիս անգամ մարզիկներին:
Բավարացիներն իրենց արտադրանքը ներկայացնում են որպես վերջին սերնդի սպորտային խմիչք, որը խաղի ավարտից հետո կարելի է բաժանել մարզիկներին: Նոր գարեջուրը նրանք գովազդում են որպես իզոտոնիկ նորույթ՝ հարուստ վիտամիններով, առանց հավելումների, որն օգնում է մարզիկներին վերականգնել ուժերը աշխատանքից հետո:









































