Ինչպես «Առաջին լրատվականին» տեղեկացնում են Մայր աթոռ սուրբ Էջմիածնից, հոկտեմբերի 20-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է «Գրական տապան-2011» ծրագրի շրջանակում եվրոպական տարբեր երկրներից Հայաստան ժամանած մի խումբ գրողների` ՀՀ մշակույթի փոխնախարար Արևիկ Սամուելյանի ուղեկցությամբ:
Խմբի անունից շնորհակալություն հայտնելով Վեհափառ հայրապետին ընդունելության համար` Ա. Սամուելյանը ներկայացրել է միջմշակութային շփումների զարգացմանն ուղղված`հայ և օտար գրողների համատեղ ջանքերով կազմակերպվող գրական և մշակութային ծրագրերն ու միջոցառումները:
Գարեգին Երկրորդն իր գոհունակություն է հայտնել եվրոպացի ու հայ գրողների համագործակցության կապակցությամբ: Նա իր խոսքում մասնավորապես նշել է, որ գիրն ու գրականությունը հասարակության հոգևոր-բարոյական նկարագրի ամենաանաչառ ցուցիչն են:
«Աստվածաշնչում ասվում է, որ «սրտի լիությունից է խոսում բերանը», այսինքն` մարդ խոսում, գրում և արտահայտում է այն, ինչ իր հոգում կրում է: Այս առումով, անշուշտ, յուրաքանչյուր ժամանակ իր ուրույն մտածողությունն ունի, սակայն մենք կարծում ենք, որ քրիստոնեական արժեքներ կրող ազգերի գրականությունը, սնվելով քրիստոնեական հարուստ մշակութային ժառանգությունից, պետք է ուղղված լինի մարդու ներքին հոգևոր շինվածքի կերտմանը, զորացմանը, ամրացմանն ու հարստացմանը»,- ասել է կաթողիկոսը:
Հանդիպման ավարտին նա գրողներին մաղթել է նորանոր ներշնչանքներ, ապա պատասխանել Հայոց եկեղեցու գործունեությանը և միջեկեղեցական հարաբերություններին վերաբերող գրողների հարցերին:








































