Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների հարցով Եվրոպայի խորհրդի կոմիսար Թոմաս Համարբերգը Թուրքիա կատարած հնգօրյա այցից հետո թուրքական իշխանություններին կոչ է արել արմատական բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում։
Համարբերգը քննադատության է ենթարկել իշխանափոխություն ենթադրող «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործով տևական ժամկետով ձերբակալություններն ու դատական գործընթացների ձգձգումը. «Կարևոր է, որ մինչև մեղքի ապացուցումը, մարդիկ չգտնվեն ազատազրկման մեջ։
1995-2010 թվականներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ավելի քան 2200 վճիռ է կայացրել Թուրքիայի դեմ։ Դրանցից 700-ը կապված են արդար դատական գործընթացում մարդու իրավունքների, իսկ 500-ը՝ անձնական ազատության ու անվտանգության իրավունքի խախտման հետ։
Հուսով եմ, որ Թուրքիայի նոր Սահմանադրությունը կնպաստի գոյություն ունեցող մեծ խնդիրների լուծմանը։ Թուրքիային անհրաժեշտ է արմատական բարեփոխումներ իրականացնել»։
Համարբերգի համար դրական է այն, որ թուրքական իշխանությունները չեն քննադատել իրեն՝ իր պատրաստած հուլիսյան զեկույցի համար՝ փոխարենը համաձայնելով իր նշած ուղղումների ու կատարած եզրահանգումների հետ։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 12-ին Համարբերգը հրապարակել էր Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանվածության մասին զեկույցը, որում նշել էր. «Թեև վերջին տարիներին Թուրքիան զգայուն համարվող խնդիրների շուրջ բաց և ազատ քննարկումներ ծավալելու հարցում որոշակի առաջընթաց է գրանցել, դեռևս մտահոգիչ է մնում խոսքի ազատության ու ազատ մամուլի վիճակը։
Հրատապ միջոցներ են անհրաժեշտ այդ իրավունքների ու ազատությունների պաշտպանության, ինչպես նաև հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման համար։
Խոսքի ազատության ու այլակարծության գլխավոր խոչընդոտը գործող Սահմանադրությունն է։ Թուրքիայի Քրեական օրենսգիրքը և Ահաբեկչության դեմ օրենքը նույնպես խոչընդոտներ են հարուցում խոսքի ազատության հարցում»։
Զեկույցում Համարբերգը հիշատակել էր նաև Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը։









































