«Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Ցեղասպանության մասին հայտարարություններն արվեցին, քանի որ դրանք համընկնում էին Սարկոզիի իսկ խորին համոզմունքներին»,- Մամուլի ազգային ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
Դեսպանը հիշեցրեց, որ Սարկոզին նաև ասաց, թե Թուրքիայի նման մեծ երկիրը իր պատմության հետ առերեսվելով` ավելի կուժեղանա և նույնիսկ հղում կատարեց ֆրանս-գերմանական օրինակին: «Նրա հայտարարություններն ակնկալված էին Հայաստանում և բարձր գնահատվեցին»,- ասաց դեսպանը` Թուրքիայի` ԵՄ հնարավոր անդամակցության համատեքստում հիշեցնելով, որ Թուրքիան աշխարհագրորեն Եվրոպայում չէ:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ֆրանսիայի դերակատարման ակտիվացման շրջանառվող խոսակցությունների մասին` Արի Ռենոն նկատեց, որ նման հեռանկար և հավանականություն, ինչպես նաև սատարողի դերակատարության ստանձնում չի տեսնում: «Բանակցային գործընթացը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ֆրանսիան հակված է այդ ձևաչափի պահպանմանը, և հենց այդ ձևաչափի շրջանակներում է, որ պետք է երկխոսություն սկսվի: Ոչինչ ավելի վատ չի կարող լինել, քան քարացվածությունն ու անշարժությունը»:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից անվտանգության պատի կառուցման փաստը, Անրի Ռենոն նշեց. «Սա ընդգծում է հրատապությունը` խաղաղությունը վերագտնելու, բանակցությունները վերսկսելու: Այսօրվա դրությամբ կան միայն տանուլ տվողներ, կորցնողներ, իսկ շնորհիվ կարգավորման` կլինեն միայն շահողներ: Ուղին հստակ է: Խաղաղության ճանապարհը դժվար է, բայց միակն է, խաղաղություն գտնելը դժվար չէ»:
Ամփոփելով` դեսպանն ասաց, որ տեղյակ չէ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հայտնի հարցազրույցից, այդ իսկ պատճառով դրա մասին մեկնաբանություներ չի կարող անել:









































