«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Այն տևել է մոտ երկու ժամ: Նիստի ընթացքում քննարկվել են բացառապես ներքաղաքական հարցեր:
Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների` Սերժ Սարգսյանը բավական լարված է եղել, քանի որ նրա ականջին խոսակցություններ են հասել, թե Գագիկ Ծառուկյան, Հովիկ Աբրահամյան և, տարբեր լուրերի համաձայն, Ռոբերտ Քոչարյան տանդեմն իր թիկունքում ինչ-որ գործընթացներ է նախաձեռնում (նրանց հետ է նաև մի խոշոր գործարար), դրա համար կտրուկ հայտարարել է, որ շուտով կոալիցիոն գործընկերներին նոր հուշագիր կառաջարկվի: «Ով միացավ` միացավ, ով չէ` մենք միայնակ կգնանք ընտրությունների,- ասել է Սարգսյանը` հավելելով,- չնայած կարելի է ավելի լայն կոալիցիա ստեղծելու մասին էլ մտածել, բայց դա այս փուլի խնդիրը չէ»:
«Այսինքն` իշխանական ճամբարում կրկին սկսել են չվստահել ԲՀԿ-ին ու ևս մեկ անգամ նրան պարտադրում են թուղթ ստորագրել»,- հավելում է թերթը:









































