«Առաջին լրատվականը» սեպտեմբերի 27-ին հրապարակել էր «Ժառանգական» Լարիսա Ալավերդյանի ամուսինը աշխատողների փողը չի տալի՞ս» վերտառությամբ հոդվածը, որին երկու շաբաթ անց արձագանքել է պատգամավորի ամուսինը` Միքայել Արամյանը:
Նա հատկապես վրդովվել էր մեր հոդվածի նախաբանից, որն ընդամենը նրա նախկին աշխատակիցներից Արտավազդ Թադևոսյանի խոսքից արված մեջբերում էր. «Դե, եթե Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանը մարդկանց թրաֆիքինգի կենթարկի, կաշխատցնի` փողը չի տա, մնացածից ես ի՞նչ սպասեմ, ի՞նչ կարամ մտածեմ»: Հիշեցնենք, որ Մ.Արամյանի «Ապահով տանիք» ՍՊԸ-ի աշխատակիցներ Ա.Թադևոսյանը և նրա հետ «Վահագնի» ՓՀԷԿ-ի (հիդրոէլեկտրակայանի) շինաշխատանքներն իրականացրած մի խումբ անձինք Մ.Արամյանից պահանջում էին իրենց հասանելիք 14 մլն-ը, որը, բողոքավորների խոսքով, չի վճարվել:
Պարոն Արամյանը երեկ, գրեթե վիրավորանքների հասնող օրինակներով փորձում էր մեզ մեղադրել իր կնոջ անունը այս գործի հետ կապված հոդվածում հիշատակելու մեջ: Անկեղծ ասած` զարմացանք, որ պարոն Արամյանը նեղվել էր իր անունը կնոջ անվան հետ գործածելուց, և բացի դա, բացատրեցինք, որ մարդն իրավունք ունի իր գնահատողական դատողությունները հայտնել, մանավանդ եթե համոզված է, որ իր աշխատած փողը չեն տալիս: Իհարկե, զրուցակիցս հակված չէր` այդ ամենը լսելու, նույնիսկ վերջում սկսեց տողերիս հեղինակի վրա «եթե»-ներով ինչ-որ օրինակներ բերել, և ես էլ բացատրեցի, թե ինչ կանեմ` եթե այդ օրինակները իրականություն դառնան… Ուղղակի պարոն Արամյանի «բախտը բերեց», որ մինչ այդ արդեն որոշակի պարզաբանումներ տվել էր հոդվածի հետ կապված, և մենք էլ նախորդ հոդվածում պատրաստակամություն էինք հայտնել` ներկայացնել, քանի որ մինչ հոդվածի հրապարակումը մեզ չէր հաջողվել հեռախոսով պարզաբանումներ ստանալ նրանից:
Ինչևէ, մեզ հետ զրույցում, Մ.Արամյանը ժխտեց, որ ինքը 14 մլն պարտք է աշխատակիցներին, մեզ էլ մեղադրեց, որ նրանց ասածը «հալած յուղի տեղ ենք ընդունել» (միայն մեր հոդվածի վերնագիրը հերքում է նրա այդ պնդումը.- Է.Մ.). «Ոչ միայն պարտք չեմ, նաև բազմաթիվ աշխատանքներ ունեն չարած, որոնց դիմաց վճարվել են, բայց չեն կատարել էդ աշխատանքները»: Կոնկրետ ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը` հարցրինք: «Ասենք ճնշումային խողովակաշարի մոնտաժային աշխատանքները: Հիմա նախապատմությունն ասեմ… Ոչ թե ես ՀԷԿ-ը սկսել եմ միանգամից 2008-ին կառուցել, այլ էդ փաթեթը պատրաստ է եղել. 2006-ից մինչև 2007-ի դեկտեմբերը զբաղված եմ եղել վարկային գումարների հայթայթմամբ, վարկի միջոցով: Եվ 2006-ի աշնանից մինչև 2007-ի դեկտեմբերը մոտ 9 ամիս, այդ բոլոր 12 փաթեթ թղթերը, որոնք ստեղ գրված են առանց փաստաթղթերի («Սերնդե-սերունդ» ՍՊԸ-ի տնօրենը հոդվածում նշել էր, որ ինքը 1,5 ամիս հետո «Ապահով տանիք»-ի հետ պայմանագիրը լուծել է, քանի որ դեռ այն ժամանակ ՀԷԿ-ը կառուցելու նախահաշիվ, նախագիծ չի եղել.- Է.Մ.), բանկը մանրամասն ուսումնասիրել է, նոր ինձ համար վարկային գիծ է բացել… Կարգը ոնց է` ՀԷԿ կառուցելու. նախ նախագիծ է արվում, նախագիծը ներկայացվում է նախահաշիվներով, գծագրերով, նախագիծը ներկայացվում է որևէ բանկ, եթե ունի ռեսուրս բանկը, այդ նախահաշվի վրա բանկը բացում է վարկային գիծ:
Ընդ որում` ներկայացված փաստաթղթերով պարտադիր պետք է լինի ոչ միայն շիննախագծային աշխատանքները, այլ նաև բնապահպանական, շինարարական փորձաքննությունը, ՀԷԿ-ի կառուցման լիցենզիան… ընդհանուր 12 պապկա փաստաթղթերի, որպեսզի բանկը ուսումնասիրի և վարկային գիծ բացի: Ընդ որում` առաջին վարկը տվել են «Կասկադ» վարկային կազմակերպությունից: Կառավարության ծրագիր կա` փոքր էներգետիկայի զարգացման համար: Ըտեղ դոնորներից են Եվրոպական բանկը, Գաֆեսճյան հիմնադրամը և Համաշխարհային բանկը: Այդ վարկային կազմակերպություններն են ֆինանսավորել… Վարկային գիծը բացելուց հետո մոտ 6 ամիս հետո եմ կարողացել շինարարական խումբ հավաքել, որ էդ շինարարությունը սկսեմ 2008-ի հունիսին»:
Մ.Արամյանից հետաքրքրվեցինք` այդ ՀԷԿ-ը կառուցելիս «Ապահով տանիքը» որպես պատվիրատո՞ւ է եղել, թե՞ կապալառու, և ընդհանրապես ի՞նչ կարգով է շինարարական կազմակերպությունն ընտրվել: Նա ասաց, որ առաջին 1,5 ամիսը պատվիրատու է եղել, և «Սերնդե-սերունդ» շինարարական ՍՊԸ-ի հետ կապվել և պայմանագիր է կնքել առանց որևէ մրցույթի` Արտավազդ Թադևոսյանի միջոցով, ում հետ մինչ այդ կազմակերպել են խողովակաշարերի քանդումը և տեղափոխումը Շիրակից Վանաձոր (ի դեպ, այդ խողովակների օրինական լինելու-չլինելու հարցով քրգործ է հարուցված եղել Լոռու մարզի դատախազությունում, որը կարճվել է): Իսկ ինչո՞ւ է լուծվել «Սերնդե-սերունդի» հետ պայմանագիրը: Մ.Արամյանը պատասխանեց. «Երբ որ ես 20 տոկոսից մի փոքր էլ ավելի գումար եմ փոխանցել, ու երբ որ կատարողական են հանձնել, գնացել եմ տեսել` էս մարդիկ ավելի շատ խաբեբայությամբ են զբաղվել, քան գործ են արել: Ես դրա համար լուծել եմ պայմանագիրը…
Հետո «Սերնդե-սերունդի» չարած բոլոր գործերը էդ Արտավազդը հանձն առավ, որ իրականացնի: Դրանից հետո, նոր կազմ ենք հավաքել, այսինքն` հին կազմը փոխել ենք, Արտավազդին էլ դրել որպես աշխատանքի ղեկավար, ու իրանք աշխատանքը շարունակել են: Եվ ՀԷԿ-ը շահագործման պետք է հանձնվեր 2009թ.-ի հունիսից, որովհետև էդ բանկը վարկի տոկոսների մարումը տվել էր մինչև 2009-ի հունիսը»: ՀԷԿ-ը ժամանակի՞ն է շահագործվել` հարցրինք: «Ոչ: Երբ որ եկել է 2009-ի հունիսը, և ես բավականին բաց թողնված աշխատանքներ ունեի` խողովակաշարից մնում էր մոնտաժման մոտ 1000 մետր, ես էդ Արտավազդին ազատեցի աշխատանքից, ու փոխարինեց Մերուժանը… Դրանից հետո առնվազն մեկ տարի դեռ շինարարությունը շարունակվել է, իսկ էդ մեկ տարվա ընթացքում ես չկարողացա բանկին համոզեմ, բանկը տանում էր ե՛ւ մայր գումարը, ե՛ւ տոկոսը, իսկ դրանք հսկայական գումարներ էին: Ինչևէ, վերջում էդ արգելքը հաղթահարվեց»: Որքա՞ն գումար է պահանջվել ՀԷԿ-ի կառուցման համար: «Նախնական վարկը եղել է 703.000 դոլար: Բայց դա բավարար չի եղել` ավարտելու: Եվս 75.000 «Կասկադից» եմ վերցրել, և երբ որ բանկի հետ պատերազմ առաջացավ, ես բանկը փոխեցի, ևս մի 150.000 մի այլ բանկից, ես այդ վարկային փաթեթը տեղափոխեցի այլ բանկ և շարունակեցի: Ընդ որում` կարամ գլուխ գովալով ասեմ, որ երևի Հայաստանում միակ, առանց կաշառք կառուցված ՀԷԿ-ն է, օրինական` բոլոր փաստաթղթերով…»,- նշեց Մ.Արամյանը` ցույց տալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2005-ին տրված` շինարարական, և 2010-ին տրված` էլեկտրաէներգիա արտադրելու վերաբերյալ լիցենզիաները, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությունը:
Ի դեպ, «Սերնդե-սերունդի» հետ կապերը խզելուց հետո Մ.Արամյանը ևս մեկ շինարարական թույլտվություն է վերցրել 2008-ին` ՀԷԿ-ն ինքնուրույն և տնտեսապես շահավետ պայմաններով կառուցելու համար: Ինչ վերաբերում է շինարարության նախնական շրջանում նախագիծ-նախահաշիվ չունենալու` աշխատակիցների ձևակերպումներին, ապա Մ.Արամյանն այսպես հակադարձեց. «Էդ որ ասում են` փաստաթղթերը, էս գիրքը մեկը քաղաքապետարանում է, մյուսը` ինձ են տվել, որտեղ կա ե՛ւ թույլտվությունը, ե՛ւ խողովակաշարի գիծը, ե՛ւ շինարարակական գծագրերը, ե՛ւ գեոդեզիական քարտեզները… ամեն ինչը էլի: Էս փաստաթղթի օրիգինալը իրենց մոտ է եղել, սրանք կամ կորցրել են, հիմա ես համոզվում եմ, որ դրանք գողացել են ուղղակի: Մի գեղեցիկ օր ինձ ասեցին` սա չկա: Ես սա կրկնօրինակն եմ հանել: Այսինքն` եթե ես հանած չլինեի, դուք պահանջեիք` ես պտի չունենայի»:
Բողոքավորները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չէին բացառել, որ Միքայել Արամյանը նախկին մարզպետ Արամ Քոչարյանի հետ է ՀԷԿ-ի բիզնեսը դրել: Որտեղի՞ց են այդ խոսակցությունները: Արամյանը պարզաբանեց. «Ես ձեռք եմ բերել (ՓՀԷԿ-ի կառուցման նախնական հիմքերը.- Է.Մ.) ոմն Անտոնյանից: Էդ որ շահարկում են, թե մարզպետը փայ ունի-բան ունի, հետո պարզվում է` էդ Անտոնյանը մարզպետի ինչ-որ բարեկամ է գալիս: Էդքանով կապ ունի էլի ինքը… Սա էլ պայմանագիրն է. իրենք 2003-ից ստեղծել են, բայց չեն կարողացել: Ամենաբարդը ՀԷԿ-ի ֆինանսավորում գտնելն է: Նոր պայմանագրով այս Արամյան Միքայելը ես եմ, էս` 100 տոկոսը, էս էլ` իմ ստորագրությունը, որ էդ ՀԷԿ-ի միակ սեփականատերը ես եմ»: Իսկ ի՞նչու է փայատերերի փոփոխությունը միայն 2010-ի դեկտեմբերի 15-ին կատարվել: Զրուցակիցս այսպիսի խուճուճ, անհասկանալի պատասխան տվեց. «Ի սկզբանե էդ ես եմ եղել, սա օրենքի պահանջ է, բայց ավելի հինը կա, որ 2009-ին, երբ որ ես գնել եմ, 2006-ից արդեն միակ սեփականատերը ես եմ եղել»:
Բա ինչո՞ւ եք 2010-ին արել: «Օրենքի հետ կապված փոփոխություն է եղել, չեմ հիշում` ինչ, և ես պահանջել` վերագրանցվել եմ»: Նախկինում ովքե՞ր են եղել փայատերերը մինչև փոփոխություն կատարելը. «Ոչ մեկը, ես Անտոնյանից եմ ընդունել, առանձին վարկը վերցրել և կառուցել»: Բա ռիսկային չէ՞ր այդքան վարկը վերցնելը` հաջորդ հարցն էր: «Իհարկե, ռիսկային էր: Ոչ մեկը, բացի ինձնից չէր հավատում, որ էդ ՀԷԿ-ը կաշխատի»` եղավ պատասխանը: Բայց նախկինում նման գործունեությամբ զբաղվե՞լ եք: «Ես փորձել եմ` օգնել եմ իմ ընկերոջը Որոտանի վրա ՀԷԿ կառուցելու, փորձ ունեի: Մասնագիտությամբ կիբեռնետիկ եմ: Մինչև էդ սովորել ավարտել եմ Էստոնիա` Տալլին: Եղել եմ մոնտաժնիկ, հավաքող, աշխատել եմ ինժեներ-կոնստրուկտոր, հետո «Լույս» միավորումից ընտրվել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր, դրանից հետո հասարակական գործունեությամբ եմ զբաղվել»: Այսինքն` նախկինում որևէ բիզնես չե՞ք ծավալել: «Ոչ»` եղավ պատասխանը:
Կրկին անդրադառնալով աշխատող-գործատու պարտքուպահանջի խոսակցությանը, պարոն Արամյանն ասաց, որ իրենք այդ նպատակով երբևէ չեն հավաքվել նախկին մարզպետի մոտ` փոխադարձ հաշվարկ անելու. «Նման բան չի եղել երբեք: Մարզպետը այս գործին երբեք չի մասնակցել, ես էլ երբեք թույլ չեմ տվել` մասնակցելու, քանի որ սա իմ գործն է անձնական: Ուրեմն մոտ 3066 մետրը մասնակցել է այդ Արտուշ կոչվածը, միասին նստել ենք, այդ բոլոր հաշվարկները, վերջնահաշվարկները կատարել: Վերջնահաշվարկները արեց և ցտեսություն արեց: Շինարարությունը շարունակել է Մերուժան Ղզրոյանը: Մոտ մի ամիս հետո էս տղան (Արտուշը) գալիս ա, բա թե` ինձ փող եք պարտք: Ինչի՞ համար: Ասի` փող եմ պարտք, գնա դիմի դատարան, տես ինչքան եմ պարտք, եթե կարող ես ապացուցել` վճարեմ: Ես կարող եմ ապացուցել, թե ինչքան փող է վերցրել ու գործը չի կատարել: Ինքը նույնիսկ մինչև Գալուստ Սահակյան գնացել էր, մարդ էր բերել, բան էր արել… Քաղաքապետարանի շինարարական բաժնում երբ որ հանդիպել ենք, …ես ապացուցելու ձևով ցույց տվեցի, որ ինքը դեռ էսքան (մոտ 7 մլն)պարտք ա` էսքան փող վերցրել ա, գործը չի ավարտել…, բայց քանի որ Մերուժանը խոստացավ, որ էդ աշխատանքները կշարունակի…»:
Պարոն Արամյան, մարզում ուրիշ ՀԷԿ-ե՞ր էլ ունեք` հետաքրքրվեցինք: «Ո՛չ: Դեռ չունեմ: Էն բոլոր հարմար տեղերը, որ կան` հիդրոկայան կառուցելու համար, ժամանակին էդ մեծահարուստ-պաշտոնյա կոչվածները բոլորը կարողացել են, կոպիտ ասած, զավթեն…»: Օրական եկամուտը որքա՞ն է ՀԷԿ-ի: «2010թ.-ի, օրինակ վերցնենք ամենասակավաջուր ամիսը` 404.000 կվտ/ժ էներգիա, օրական` 13.400 կվտ: Ամսական առավելագույն շահույթը էդ ծախսերը որ հանենք… 3 մլն է դառել ամսվա համար: Մոտավորապես 2 մլն չի հերիքել, որ բանկի մայր գումարը և աշխատավարձը ես կարողանամ տամ… Տեսեք 5 տարի աշխատելու է ՀԷԿ-ը բանկի համար, 5 տարի հետո իսկապես դա շահավետ բիզնես է լինում, որովհետև ինչը որ արտադրվում է` քոնն է: Վարկը տրված է 7 տարի ժամկետով, որից 2 տարին անցել է, դեռ 5-ը կա»:









































