Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմը երկարաձգելու և Հորմուզի նեղուցով նավագնացության սահմանափակումները հանելու շուրջ, «Reuters»-ին հայտնել են աղբյուրները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ պետք է հաստատի այս պայմանավորվածությունը, իսկ Իրանի պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ այն դեռ վերջնական տեսքի չի բերվել:
Ըստ Reuters-ի՝ համաձայնագիրը կերկարաձգի զինադադարը ևս 60 օրով և թույլ կտա նավերի տեղաշարժը ռազմավարական նշանակության ջրային ուղով, մինչ բանակցողները կլուծեն այնպիսի բարդ խնդիրներ, ինչպիսին է Իրանի միջուկային ծրագիրը: Եթե այն հաստատվի Վաշինգտոնի և Թեհրանի ղեկավարության կողմից, ապա դա կլինի ամենամեծ քայլը դեպի խաղաղություն փետրվարի 28-ին հակամարտության սկսվելուց ի վեր: Հնարավոր գործարքի մասին լուրերը հաջորդեցին երկու երկրների միջև փոխադարձ հարվածների հերթական փուլին, ինչն ապրիլի սկզբին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո նմանատիպ վերջին միջադեպն էր:
«Մենք դեռ չենք հասել վերջնակետին, բայց շատ մոտ ենք և շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ»,- Վաշինգտոնում լրագրողներին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Չեմ կարող երաշխավորել, որ մենք դրան կհասնենք, բայց հենց հիմա ես բավականին լավատես եմ տրամադրված»,- ասել է Վենսը։









































