Քոչարյանի տասնամյա արյունոտ պաշտոնավարումը հնարավոր եղավ նաև նրանց շնորհիվ, ովքեր ամենաճակատագրական ու վճռական պահին ընտրեցին ոչ թե պետությունը, այլ գործարքը։
Գլխավոր դատախազի, պաշտպանության փոխնախարարի, ՆԳ փոխնախարարի սպանություններից հետո, Հոկտեմբերի 27-ից հետո, «գույք՝ պարտքի դիմաց» գործարքից, 2003-ի խայտառակ ընտրություններից ու 2004-ի ապրիլի 12-ից հետո Քոչարյանը պետք է քաղաքականապես ավարտված լիներ։
Բայց նրան պահեցին։ Լռությամբ։ Պաշտոններով։ Կոմպրոմիսներով։ Իշխանության հետ առևտրով։
Ու այսօր դրանցից ոմանք մասնակցում են ընտրության՝ խոստանալով «պատժել» Քոչարյանին։
Դուք Քոչարյանին չպատժեցիք, երբ նրանից պաշտոն էիք ստանում։ Չպատժեցիք, երբ ձեզ ներկայացնում էիք որպես «ուժեղ» ընդդիմություն, բայց իրականում հարմարվում էիք համակարգին, ձեռքի հետ բիզնես էիք անում: Չպատժեցիք, երբ նա ամենաթույլ վիճակում էր։
Չպատժեցիք ոչ իշխանության մեջ լինելով, ոչ ընդդիմության։
Արդարությունը նախընտրական դեր չէ։ Արդարությունը մարդու քաղաքական կենսագրության քննությունն է։
Այդ քննությունը դուք վաղուց չեք հանձնել։ Եվ հիմա ձեր խոստումը այլևս խոստում չէ, այլ սեփական անցյալը մաքրելու անհաջող փորձ։







































