Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին հայտարարել է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի մուտքը Լեհաստան պաշտոնապես արգելվել է 5 տարի ժամկետով։
Պատճառը իսրայելցի պաշտոնյայի վարքագիծն է. նա տեսանյութ էր հրապարակել, որտեղ ծաղրում էր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված Global Sumud նավատորմի ակտիվիստներին, որոնց թվում կային նաև Լեհաստանի քաղաքացիներ: Տեսանյութում Բեն-Գվիրը, ծածանելով Իսրայելի դրոշը, ծնկի եկած ակտիվիստների ներկայությամբ բացականչում էր. «Բարի գալուստ Իսրայել, այստեղ մենք ենք կառավարում»։
Այս արարքը խիստ դատապարտվել է Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի կողմից, իսկ Լեհաստանը դիմել է կտրուկ քայլերի։
«Լեհաստանի քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը միշտ կարժանանա համապատասխան արձագանքի»,- նշել է Կերվինսկին՝ հավելելով, որ մուտքի արգելքի փաստաթղթերն արդեն ուժի մեջ են մտել։








































