ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի շրջանակներում և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման թեմայով աշխատաժողով։
«Աշխատաժողովի հիմնական նպատակն էր քննարկել ՀՀ ջրային օրենսգրքի նոր խմբագրմամբ մշակման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով ջրային ոլորտի վերջին զարգացումները, ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը և ջրային ոլորտի ռազմավարության մշակման գործընթացը, ինչպես նաև ներկայացնել և քննարկել ջրային ոլորտի հարմարվողականության երկրորդ ծրագրի (2027-2031թթ.) նախագիծը և քննարկել Հայաստանի բուհերում ջրային ոլորտին առնչվող կրթական ծրագրերի ներդնումը։
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության/համագործակցության պատասխանատու Սուսանա Մարտինսը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Բելոկուրովը։
Կազմակերպվեց արդյունավետ քննարկում քաղաքականության մշակողների և իրականացնողների, պետական այլ գերատեսչությունների, գիտահետազոտական և կրթական հաստատությունների, ինչպես նաև ջրային ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային ֆինանսական հաստատությունների, կազմակերպությունների և ծրագրերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարմանը խթանող և նպաստող հետագա քայլերի վերաբերյալ»։







































