Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը կգործի հրադադար։ Գերատեսչության տվյալներով՝ այդ ընթացքում հակամարտության գոտում տեղակայված ռուսական զորախմբերը ամբողջությամբ կդադարեցնեն ռազմական գործողությունները։
ՌԴ ՊՆ-ն նշել է նաև, որ հրադադարի ընթացքում ռուսական զինված ուժերը հարվածներ չեն հասցնի Ուկրաինայի տարածքի խորքում գտնվող զորքերի տեղակայման վայրերին և ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին։
Մոսկվան Ուկրաինային կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը՝ նախազգուշացնելով, որ դրա խախտման կամ բնակավայրերին հարվածելու փորձերի դեպքում ռուսական բանակը «համարժեք պատասխան» կտա։
Միաժամանակ, ռուսական կողմը հայտարարել է, որ եթե փորձ արվի խափանել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա 81-ամյակի միջոցառումները, ապա ռուսական զինված ուժերը «զանգվածային հարված» կհասցնեն Կիևի կենտրոնին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև զգուշացրել է Կիևի բնակիչներին և օտարերկրյա դիվանագետներին՝ հնարավոր պատասխան գործողությունների պատճառով քաղաքը լքելու անհրաժեշտության մասին։







































