«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան
– Պարոն Ալասանիա, ինչպե՞ս եք գնահատում հայ-վրացական հարաբերությունների ներկայիս մակարդակը և Ձեր կարծիքով` առաջընթացի ի՞նչ հնարավորություններ կան:
– Կարծում եմ` Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունները եղբայրական են, և այն ստրատեգիական համագործակցությունը, որ կա մեր երկու երկրների միջև, հետագայում էլ կամրապնդվի` պատմականորեն է դա այդպես եղել և հետագայում էլ այդպես կլինի: Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ամեն կերպ աջակցելու է այդ հարաբերությունների հետագա զարգացմանը: Մեր ստրատեգիական գործընկերությունը նշանակում է, որ մենք պետք է հարգենք մեկ մեկու շահերը` Վրաստանն իր ազգային շահերն ունի, Հայաստանը` իր, բայց մեր միասնական շահը տարածաշրջանի հավասարակշռությունն է: 2008թ. հետո տարածաշրջանային անվտանգությունը որոշակիորեն փոփոխություն կրեց, երբ Ռուսաստանն օկուպացրեց Վրաստանի տարածքի 20 տոկոսը, բայց մենք կարծում ենք, որ համագործակցությունը Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների` Ադրբեջանի, Թուրքիայի հետ, ամեն կերպ կաջակցի տարածաշրջանային անվտանգության ապահովմանը: Կարծում եմ` Հայաստանը և Վրաստանը ընդհանուր շատ բաներ ունեն, մասնավորապես` առկա կոնֆլիկտների լուծման հարցում, այնպես որ` այդ խնդիրները ևս մենք պետք է լուծենք միմյանց աջակցելով: Ինչ վերաբերում է հայ և վրացի ժողովուրդների հարաբերություններին, ապա մենք հպարտ ենք այս երկու ժողովուրդների միջև պատմականորեն եղած եղբայրական հարաբերությունների համար, մենք ուրախ ենք, որ Թբիլիսիում և Վրաստանի այլ մարզերում ապրում են հայեր, և ես կցանկանայի, որ նրանք ապագայում ակտիվորեն ներգրավվեն վրացական քաղաքականության մեջ: Կարծում եմ` նրանք Վրաստանում իրենց պետք է զգան լիիրավ քաղաքացիներ, որոնք մասնակցում են Վրաստանի պետականության կայացմանը:
– Վրացական ընդդիմությունը, այդ թվում` նաև Ձեր կուսակցությունը, դեմ արտահայտվեց կրոնական կազմակերպությունների վերաբերյալ օրենքին, որն ավելի շատ կապվում էր Վրաստանում հայկական եկեղեցուն իրավունքներ տալու հետ: Օրերս Հայաստանի ընդդիմության ղեկավարը` Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Սաակաշվիլին, չնայած մեծ ընդդիմությանը, ճիշտ քայլ է կատարել նման օրենք ընդունելով: Դուք ինչո՞վ եք բացատրում Ձեր անհամաձայնությունը:
– Մեր կուսակցությունը ոչ թե դեմ էր ընդհանրապես այդ օրենքին, այլ պրոցեսին, թե ինչպես այդ օրենքի նախագիծն ընդունվեց խորհրդարանում, թե ինչպես են Սաակաշվիլին և նրա «Ազգային շարժումը»,- թե՛ դրանից առաջ, թե՛ հիմա,- շատ կարևոր հարցեր որոշում երեք օրվա ընթացքում: Ո՛չ ընդդիմության, ո՛չ փորձագետների հետ չքննարկեցին օրենքի նախագիծը և հենց այդպես ընդունեցին: Հենց այս գործընթացին եմ ես դեմ, որովհետև այն ժողովրդավարական չէր, այն պետք է քննարկվեր խորհրդարանում, պետք է լինեին բանավեճեր, և հետո նոր ընդունվեր: Ինչ վերաբերում է ընդհանրապես նման օրենքի գոյությանը, ապա Սահմանադրությունը երաշխավորում է դավանանքի ազատությունը, և դա պետք է լինի բոլոր օրենքներում և նորմատիվ ակտերում, ու դրա դեմ ոչ ոք որևէ բան չունի: Իսկ հայկական և վրացական եկեղեցիների միջև առկա խնդիրը, իմ կարծիքով, պետք է լուծեն կաթողիկոսները, և չեմ կարծում, որ այս հարցում այլ սուբյեկտների միջամտությունը ճիշտ է: Այդ հարցով բանակցությունները սկսվել են և այդ հարցում մենք նրանց որոշիչ խոսքի իրավունք ենք տալիս:
– Վրաստանի նախագահը ուշացած և ըստ արժանվույն չի շնորհավորել Հայաստանի անկախության 20-ամյակը, և կա կարծիք, որ հենց դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը Վարշավայում հրաժարվել է հանդիպել Վրաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Դուք մեկ անգամ նշել եք, որ Հարավային Կովկասը մի օր պետք է վերածվի տնտեսական և քաղաքական մի ընդհանրության: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր այդ գաղափարի իրականացումը` այն դեպքում, երբ Հարավային Կովկասի երկրների ղեկավարները նման կեցվածք են դրսևորում մեկը մյուսի նկատմամբ, ավելին` Հայաստանը և Ադրբեջանը միմյանց հետ չլուծված հակամարտություն ունեն, Վրաստանի և Հայաստանի միջև էլ որոշակի խնդիրներ կան:
– Կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ բոլորս` թե՛ հայերը, թե՛ վրացիները, թե՛ ադրբեջանցիները, սկսենք մտածել, թե ինչպես լուծենք այն խնդիրները, որոնք կան մեր տարածաշրջանում: Բոլորն էլ հասկանում են, որ Հարավային Կովկասում առկա հակամարտություններում մենք էլ շատ սխալներ ենք թույլ տվել և չպետք է մտածենք, թե դրսից ինչ-որ ուժեր են այդ հակամարտությունները ստեղծել, և մենք ի վիճակի չենք հասնել դրանց լուծմանը: Ընդհակառակը, մենք իրերը պետք է կոչենք իրենց անուններով և ասենք, որ պատերազմը, հակամարտությունները ոչ ոքի լավ բանի չեն հանգեցրել, այնպես որ` այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը իրական երկխոսությունն է տարածաշրջանի երկրների միջև: Կարծում եմ` դրանում հետաքրքրված են բոլորը` ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները, ե՛ւ վրացիները: Եվ արդեն տարածաշրջանից դուրս գտնվող ուժերը` Եվրամիությունը, ԱՄՆ-ն, ինչպես նաև տարածաշրջանի խոշոր երկրները, ինչպես Թուրքիան և Ռուսաստանը, կներգրավվեն այդ գործընթացի մեջ: Պետք է միայն սկսել, այս պահին մեկը մյուսին է սպասում, սպասում են, թե ով է անելու առաջին քայլը, սակայն հետագայում երեք երկրներում էլ նախընտրական շրջան է սկսվելու, և այդ փուլում նման հարցեր բարձրացնելն այդքան էլ տեղին չէ, ինչն էլ նշանակում է, որ այդ սպասողական վիճակը կարող է տևել անընդհատ, եթե մենք չսկսենք իրերին իրական աչքերով նայել:
– Իսկ ձեր կարծիքով` ո՞վ պետք է անի այդ առաջին քայլը և ե՞րբ հնարավոր կլինի այն անել:
– Վրաստանը կարող է անել առաջին քայլը, բայց ոչ Սաակաշվիլիի իշխանության օրոք: Ես համոզված եմ, որ Սաակաշվիլին չունի ռեսուրս Ռուսաստանի հետ իրական բանակցություններ սկսելու: Ինձ համար` որպես քաղաքական գործչի, արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է: Մենք պետք է սկսենք բանակցությունները, և կարծում եմ, որ կկարողանանք գտնել ընդհանուր լեզու ե՛ւ աբխազների, ե՛ւ օսեթների հետ: Կարծում եմ` այս բանակցությունների հաջողությունը դրական ազդեցություն կունենա նաև տարածաշրջանում առկա մյուս կոնֆլիկտների, ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության, շուրջ ընթացող բանակցային գործընթացների վրա: Այն բանից հետո, երբ Վրաստանում իշխանությունը փոխվի, կսկսվեն ակտիվ, դինամիկ և դրական քայլեր վերոնշյալ գաղափարն իրագործելու ուղղությամբ:
– Պարոն Ալասանիա, Դուք ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցիչն եք եղել և քաջ գիտեք միջազգային հանրության վերաբերմունքը Հարավային Կովկասի հակամարտությունների նկատմամբ: Հաշվի առնելով այդ հանգամանքը` ինչպիսի՞ն եք տեսնում ԼՂ խնդրի լուծումը:
– Իմ կողմից ինչ-որ ենթադրություններ անելը և ինչ-ինչ բաղադրատոմսեր տալն այս պահին որևէ նշանակություն չունի, բայց ես մի բան հստակ գիտեմ, որ նման հակամարտությունները պատերազմական ճանապարհով լուծել հնարավոր չէ, և համոզված եմ, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմը դա շատ լավ գիտի: Համոզված եմ, որ եթե պատերազմ սկսվի, ապա այն կխորտակի ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանն ու ամբողջ Կովկասը: Այնպես որ` ես վստահ եմ, որ նման սադրանքի կողմերից և ոչ մեկը չի գնա: Ակնհայտ է, որ կողմերը պետք է բանակցությունների միջոցով հասնեն լուծման, իսկ Վրաստանը ստրատեգիական հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, և երբ կողմերը հասնեն լուծման, մենք կցանկանանք այդ հարցում ունենալ մեր դրական ներդրումը, եթե իհարկե` կողմերը նման ցանկություն արտահայտեն:
– Վրաստանում կատարված վերջին սահմանադրական փոփոխությունների համաձայն` Սաակաշվիլին վարչապետ դառնալու հնարավորություն ունի: Խոսվում է նաև այն մասին, որ Թբիլիսիի ներկայիս քաղաքապետը Սաակաշվիլիի մոտ ընկերն է, և հենց նրան է վերջինս ցանկանում նախագահի պաշտոնում տեսնել: Դուք համարվում եք նախագահի պաշտոնում ամենահավանական թեկնածուն, Միացյալ Նահանգները ևս անթաքույց աջակցում է Ձեզ, ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Սաակաշվիլին նպատակ ունի Վրաստանում կրկնել ռուսական Մեդվեդև-Պուտին սցենարը:
– Մեր գլխավոր խնդիրն այն է, որ Վրաստանը մեկ մարդու և մեկ կուսակցության երկիր է, և հենց դա պետք է փոխել: Ես համոզված եմ, որ Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները հնարավորություն կընձեռեն, որ Վրաստանի ապագա խորհրդարանը լինի ոչ թե միակուսակցական, այլ բազմակուսակցական, ես համոզված եմ, որ մեր կուսակցությունը շատ ուժեղ ներկայացված կլինի խորհրդարանում: Այնպես որ` Սաակաշվիլիի ծրագրերը պուտինիզացնել ինքն իրեն` չեն հաջողի, ես համոզված եմ դրանում: Կարծում եմ` Սաակաշվիլին դեռ կարող է Վրաստանի պատմության մեջ մնալ որպես ժողովրդավարական առաջնորդ, եթե նա հնարավորություն ընձեռի սեփական ժողովրդին ինքնուրույն ընտրություն կայացնել, եթե նա դա անի, ապա նա կհիշվի որպես նախագահ, ով անկախության 20 տարիների ընթացքում առաջինն էր, ով երկրին հնարավորություն տվեց վերափոխվել ընտրությունների ճանապարհով: Ինչպես գիտեք, Վրաստանի առաջին նախագահը վտարվել է երկրից, երկրորդը «վարդագույն» հեղափոխության արդյունքում հեռացվեց պաշտոնից, ես` որպես ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, չեմ ցանկանում երրորդ նախագահին ևս երկրից վտարված տեսնել, ես ցանկանում եմ տեսնել, որ երկրում փոփոխությունները կատարվել են միայն խաղաղ և ընտրական ճանապարհով: Եթե Սաակաշվիլին անի դա, ապա թե՛ ես, թե՛ հասարակությունը դա կգնահատի, իսկ եթե չանի և է՛լ ավելի ամրապնդի իր ավտորիտար ռեժիմը, ապա իշխանության փոփոխությունը Վրաստանում կլինի ցավալի ճանապարհով:
– Պարոն Ալասանիա, Ձեր կուսակցության հնարավորությունները առաջիկա ընտրություններում ինչպե՞ս եք գնահատում:
– Ներկայումս մենք հանդիպումներ ենք ունենում Վրաստանի տարբեր շրջանների բնակչության հետ, և ակնհայտ է մի բան, որ բոլորը ցանկանում են փոփոխություններ, բոլորը կարծում են, որ ռեսուրսը, որն ուներ Սաակաշվիլին և նրա կուսակցությունը, այլևս ի չիք է դարձել, և Վրաստանն այսօր պետք է նոր քայլ կատարի: Ես համոզված եմ, որ մեր համերկրացիները այդ նոր քայլն ասոցացնում են «Ազատ դեմոկրատների» հետ: Մենք Թիֆլիսի քաղաքապետի ընտրություններին մասնակցել ենք, և այն ժամանակ մեր կուսակցությունը շատ երիտասարդ էր, մի քանի ամիս էր, ինչ ստեղծվել էր, բայց միայն այն ժամանակ մենք հավաքեցինք 20 տոկոս: Ես համոզված եմ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մենք խորհրդարանում հզոր ներկայացվածություն ենք ունենալու և իրական ազդեցություն կունենանք Վրաստանի քաղաքական գործընթացների վրա, իհարկե համագործակցելով այլ կուսակցությունների հետ, քանզի ես չեմ ցանկանում, որ Վրաստանի խորհրդարանը լինի միակուսակցական: Ես ցանկանում եմ, որ մեր խորհրդարանում ընթանան իրական բանավեճեր, և որոշումներն ընդունվեն հենց խորհրդարանում, ոչ թե փողոցում:









































