Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Բաքվում Ջեյ Դի Վենսի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո այդ մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահի մամուլի քարտուղարը։
«Նախագահ Ալիևը և փոխնախագահ Վենսը քննարկել են նախագահ Թրամփի՝ Հայաստանում և Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։ Նրանք կենտրոնացել են առևտրի և բարգավաճման, տեխնոլոգիաների և դիվանագիտական կապերի վրա, նաև խոսել են հաջորդ քայլերի մասին, այդ թվում՝ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) համար պայմանագրերի կնքման և թույլտվությունների, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան», – փոխանցել է փոխնախագահի խոսնակը։
Ամերիկյան կողմը, սակայն, չի մանրամասնել՝ ինչ արձագանք է եղել ադրբեջանական կողմից, և կան արդյոք այս հարցով պայմանավորվածություններ։










































