Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունեց «Տավիտյան հիմնադրամի» նախագահ Ասո Տավիտյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի տնօրեն Սթեֆըն Բոսվորթը, Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները և Տավիտյան հիմնադրամի փոխնախագահ Ջոյս Բարսամը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց Ասո Տավիտյանին ՀՀ Նախագահի կողմից «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրվելու կապակցությամբ և երախտագիտություն հայտնեց նրան՝ «Տավիտյան հիմնադրամի» աջակցությամբ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում երիտասարդ դիվանագետներին վերապատրաստվելու համար:
Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ ըստ ՀՀ ԱԳՆ և Տավիտյան հիմնադրամի ու Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների` ՀՀ ԱԳՆ 15 դիվանագետներ այժմ վերապատրաստվում են Ֆլետչերում:
Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ այս համագործակցությունը շարունակական բնույթ կկրի` նշելով, որ այդ հեղինակավոր կրթօջախում հայ դիվանագետները ձեռք են բերում ոչ միայն արժեքավոր գիտելիքներ, այլ կապեր հաստատում աշխարհի տարբեր երկրների իրենց գործընկերների հետ: Նա ասաց, որ ԱԳՆ-ին «Տավիտյան հիմնադրամի» մշտական աջակցությունը մարմնավորում է նաև այն հանգամանքը, որ արտաքին քաղաքական գերատեսչության գրադարանն անվանակոչված է հենց Ասո Տավիտյանի անունով:
Շնորհակալություն հայտնելով Էդվարդ Նալբանդյանին «Տավիտյան հիմնադրամի» աշխատանքները բարձր գնահատելու համար՝ Ասո Տավիտյանը հավաստիացրեց, որ հիմնադրամը շարունակելու է կրթական ծրագրերը և համագործակցությունը ԱԳՆ հետ:
Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցած շրջայցի ժամանակ արտգործնախարար Նալբանդյանը հյուրերին ծանոթացրեց ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի աշխատանքներին, կառուցվածքին: Հյուրերը նշեցին, որ տպավորված են Դիվանագիտական դպրոցի գործունեությամբ և կարճ ժամանակահատվածում արձանագրված հաջողություններով:











































