Երևանում ընթացող` «Ինչպիսի՞ն է ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ապագան» խորագրով եռօրյա համաժողովի աշխատանքների ամփոփման օրը դարձյալ անդրադարձ եղավ այս օրերին Հայաստանի մարզերից Երևան բերող ճանապարհների փակման փաստին:
Քաղաքացիական հասարակությունն իր ռեսուրսներով չի կարողանում հաղթահարել խնդիրները քվազիավտորիտար ռեժիմների առկայության պայմաններում, հայտարարեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա վկայաբերեց, որ հայաստանյան ՀԿ-ները արդեն մի քանի օր է բողոքում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարման դեմ և չեն կարողանում հաջողության հասնել Հայաստանի անկախության քսանամյակում:
Լ.Բարսեղյանը տեղեկացրեց, որ չորս օր է, ինչ համաժողովին մասնակցելու համար ինքը Գյումրիից գալիս է Երևան, ապա համաժողովի ավարտին դարձյալ վերադառնում Գյումրի, և ճանապարհին ոստիկանությունն անվերջ կանգնեցնում է մեքենաները, միկրոավտոբուսները, ստուգում են, համոզվում են, որ մարդիկ չեն տեղափոխվում Երևան` ընդդիմության հանրահավաքին մասնակցելու նպատակով:









































