Կինոյի և թատրոնի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, մոնտաժող և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը դեկտեմբերի 26-ին տոնել է ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության 50-ամյակները։
Այդ առիթով Կինոյի տանը ցուցադրվել է ռեժիսորի «Ապրիլ» ֆիլմը։
1985 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Ապրիլ» ֆիլմը Վիգեն Չալդրանյանի ստեղծագործական ուղու սկիզբը նախանշող ֆիլմերից է: Գործողությունները ծավալվում են հայկական լեռնային մի գյուղում. նկարագրվում են իրադարձություններ, որոնք տեղի են ունենում 1980 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։
Միջոցառման ընթացքում Վիգեն Չալդրանյանը Հայաստանի կինոգործիչների միության կողմից պարգևատրվել է «Մշակույթի ասպետ» մեդալով, որը կինոռեժիսորին հանձնել է միության նախագահ Հարություն Խաչատրյանը։
Միջոցառմանը ներկա են եղել Չալդրանյանի ընկերները, գործընկերները, արվեստասերներն ու ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը։










































