Իրանի կիբեռտարածության գերագույն խորհուրդը քննարկում է երկրում սոցցանցերի և մեծ տարածում ունեցող մեսենջերների աշխատանքի սահմանափակումները վերացնելու հարցը: Այդ մասին Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Ալիռեզա Սալիմին «ՌԻԱ Նովոստի»-ի գործակալությանը հայտնել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի կուլուարներում:
«Իրանում արևմտյան սոցցանցերի և հաղորդագրությունների փոխանակման ծրագրերի օգտագործման սահմանափակումները պատահական չեն: Արևմտյան ԶԼՄ-ներն իրենց քարոզչությամբ թիրախավորում են Իրանը, և առկա է այդ երկրների հսկայական ճնշումն Իրանի վրա, ինչի համար էլ նրանք ցանկանում են օգտագործել այդ հարթակները: Իրանում մեսենջերների աշխատանքի վերաբերյալ որոշումներն ընդունում է ոչ միայն խորհրդարանը, այլև Կիբեռտարածության գերագույն խորհուրդը, որը պատասխանատու է այս հարցի համար և հսկում է այն: Մենք այս սահմանափակումները վերացնելու հնարավորությունը քննարկում ենք խորհրդի շրջանակներում», – ասել է Սալիմին:
Դրա հետ մեկտեղ նա զարմանք է հայտնել, թե մի շարք սոցցանցերի արգելքի հետ կապված համաշխարհային ուշադրությունը ինչու է կենտրոնացած միայն Իրանի վրա, երբ յուրաքանչյուր երկիր ունի այս ճյուղի կարգավորման իր կանոնները, այդ թվում՝ հենց ԱՄՆ-ն արգելափակել է առանձին չինական մեսենջերներ:








































