Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Ֆրանսիայի ներքին գործերի նախարարներ Իդրիս Նաիմ Շահինը և Կլոդ Գեանը ստորագրել են «Ներքին անվտանգության ոլորտում համագործակցության» մասին համաձայնագիր, որում շարադրված են ահաբեկչության դեմ պայքարի կոնկրետ մեխանիզմները։ Դա մասնավորապես վերաբերում է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարին:
Համաձայնագրի ստորագրումից հետո Կլոդ Գեանը նշել է. «Այս համաձայնագիրն ապահովում է ամեն տիպի հանցագործությունների ու ահաբեկչության դեմ համատեղ պայքար։ Մենք կանգնած ենք Թուրքիայի կողքին՝ PKK դեմ պայքարում։ Նախորդ տարի Ֆրանսիայում ձերբակալվել են PKK 38 անդամներ, իսկ այս տարի՝ 32 անդամներ։ Ֆրանսիական բանտերում պահվում են PKK մոտ 10 անդամներ։ Մենք շարունակելու ենք PKK դեմ պայքարը, քանի որ տեսնում ենք, թե ինչպիսի զրկանքներ է նա պատճառում թուրք ժողովրդին»։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի վերջին Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի դեսպանատունը նոտա էր հղել այդ երկրի արտգործնախարարություն՝ այն պատճառով, որ PKK-ի զինյալները հարձակում են գործել Փարիզում գտնվող Թուրքիայի մշակութային ու զբոսաշրջային հյուպատոսության վրա։
Իսկ օգոստոսի վերջին էլ Թուրքիայի դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Ֆրանսիայի ներքին ու արտաքին գործերի նախարարություններին, քանի որ դրանից մեկ շաբաթ առաջ PKK-ի համակիրները բողոքի ակցիա էին կազմակերպել Փարիզի կառավարչական շենքերի առջև՝ բողոքելով Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից Հյուսիսային Իրաքի ռմբակոծությունների դեմ։









































